Այսօր Հայկական միասնական կենտրոնում հրավիրած ասուլիսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ հակառակորդը նպատակային թիրախավորում է հենց քաղաքացիական օբյեկտները ու ուզում է վնաս հասցնել կենսական նշանակության, օրինակ, կապի օբյեկտների:
Թաթոյանը նշեց, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ է խոսել, կա քաղաքացիական խաղաղ բնակչության 4 զոհ. «Այս բոլոր հարձակումները, առաջին պահից սկսած, ուղեկցվում են ատելության ինտենսիվ լայնածավալ խոսքով: Իհարկե, միշտ եղել է արմենոֆոբիա, եղել է ատելության խոսք բարձր մակարդակի՝ էթնիկ հայերի նկատմամբ, ատելության բարձր մակարդակը առաջին օրից սկսած՝ սեպտեմբերի 27-ից դարձել է համակարգված, շատ ավելի ուժեղացված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, տարածվում են սոցցանցերում՝ ֆեյսբուք, Թվիթեր, Tiktok, նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում տարածել վախ, տագնապ, ընդ որում, սպանության քարոզչական կոչերով»:
Օմբուդսմենը նաեւ զգուշացրեց, որ դրանցից առավել վտանգավորը Tiktok սոցցանցն է, հնարավոր չէ վերահսկել նյութերը, թիրախավորվում են երեխաներ. «Ադրբեջանական մեծ ծավալի ինստիտուցիոնալ համակարգված ատելության խոսք կա ու թիրախավորված են երեխաները: Մեր դիտարկումը վեր է հանել հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որտեղից տարածվում են հաղորդագրություններ, ընդ որում, իրական հայ օգտատերերի: Սա վտանգավոր երեւույթ է: Դրանք էջեր են, որոնք կամ նոր են ստեղծվել, կամ նոր են գործի դրվել ու սա լրացուցիչ այն հատկանիշներից է, որ վկայում է դրա համակարգվածության վերաբերյալ»:
Օմբուդսմենը, դիմելով թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, հորդորեց զերծ մնալ այդ սոցցանցերից օգտվելուց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ