«Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի համար Ալիեւի վերջին հայտարարությունները հանելուկ են։ Մասնավորապես, թե ինչու է Ալիեւը սկսել գաղտնազերծել նաեւ ռազմական քարտեզը։ Կարծում է, որ պատճառը կա՛մ ներքին խնդիրներն են, որի մասին կարող է միայն տեսականորեն դատողություններ անել, եւ կա՛մ կա արտաքին գործոն։
«Ալիեւը, ըստ ամենայնի, վախենում է հետխորհրդային տարածքում ինչ-որ պրոցեսներից՝ փոփոխություններից, եւ փորձում է Թուրքիայի հետ ուղղակի բաց դաշինքի մեջ մտնել։ Սա, թերեւս, պայմանավորված է Բելառուսի դեպքերով։ Մեկ այլ տարբերակ․ ինչ-որ մտավախություններ ունի ՌԴ-ի հետ կապված՝ Վրաստան Ադրբեջանի փոխարտգործնախարարի այցի նախօրեին Ալիեւը հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռները սպառազինություններ են փոխադրել Հայաստան։ Այսինքն՝ նման խնդիրներ կան, բայց նա ամեն ինչ խառնում է։ Նախ, ՌԴ-ն պետք է Հայաստանին զենք մատակարարի, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մեզ հետ ունի ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր։ Երկրորդ․ Ադրբեջանը՝ ինքը, տարբեր երկրներից՝ թուրքերից, Իսրայելից, ստանում է սպառազինություն եւ, չգիտես ինչու, մեր քայլերին հիվանդագին դիրքերից է նայում»։
Ամեն դեպքում, Ալիեւի այդ քայլերի հետեւում Տարասովը տեսնում է հետեւյալը․ նախապատրաստվել է ինչ-որ ինտրիգ, որը տապալվել է եւ որը նյարդայնացնում է Ադրբեջանի նախագահին։ Այստեղից էլ, նրա ձեւակերպմամբ, «մերկապարանոց հայտարարությունները, որ Հայաստանը նախապատրաստվում է պատերազմի»։ Տարասովն այնուհետեւ ավելացրեց․ «Այդ ո՞ր մի ապուշը կարող է մտածել, որ Երեւանը կարող է նախահարձակ լինել։ Լավ է՝ չեն ասում՝ ուզում է Բաքուն զավթել»։
Իսկ բանակցությունների մասը, Տարասովի գնահատմամբ, լիակատար սխոլաստիկա է։ Ինչ վերաբերում է նրան, որ բանակցություններ չկան, ապա Տարասովն ասաց․ «Իսկ ո՞վ է մեղավոր։ Նրանք Փաշինյանի հետ պայմանավորվել են, նրանք Մինսկի խմբին համոզել էին տեսական դաշտից անցնել գործնականին։ Վերջին անգամ ինչի՞ մասին էին խոսում Մնացականյանն ու Մամեդյարովը՝ նրա հրաժարականի նախօրեին․․․ լրագրողներ, զինվորականներ, ազգականներ, համայնքների միջեւ կոնտակտներ եւ այլն։ Եվ Բաքուն լռում էր։ 2018-ից մինչեւ հիմա լռում էր եւ բանակցություններ էր վարում, Փաշինյանի հետ հանդիպում, պայմանավորվում։ Թե ինչի մասին․․․ բայց դա իրենց ձեռնտու էր, նրանք ինչ-որ բանի հույս ունեին, իրենց ինչ-որ մեկն ինչ-որ բան էր խոստացել»։
Կարդացեք նաև
Ո՞վ։ Այս հարցին ի պատասխան՝ ռուսաստանցի քաղաքագետն ասաց․ «Նրանց պահվածքն է այդ մասին վկայում։ Ալիեւն էլ վերջին հարցազրույցում ասաց՝ «մենք հույս ունեինք, որ Երեւանը կամրացնի իր դիրքերը, կլուծի իր հարցերն ընդդիմության հետ եւ այլն»։ Բայց ով ինչ խոստումներ է տվել՝ մենք չգիտենք»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում