Ստամբուլ (Ռոյթերս) – Սիրիացի երկու ապստամբներ հայտնել են, որ Անկարան խոստացել է ավելացնել մեծամասամբ մուսուլմաններով բնակեցված իր դաշնակցին տրամադրվող օգնությունը և սիրիացի գրոհայիններ է ուղարկում ի աջակցություն հարևան Հայաստանի դեմ հակամարտող Ադրբեջանին։
2016թ․ ի վեր Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումներն այսքան մեծ ծավալներ չէին ընդունել․ մի քանի տասնյակ մահեր և հարյուրավոր վիրավորներ։
Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսից մոտ 4,000 գրոհայինների տեղափոխել են Ադրբեջան՝ այնտեղ կռվելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականը հերքել է այդ հայտարարությունը։
Հայաստանը նույնպես հայտնել է, որ թուրք զինվորականները կռվում են Լեռնային Ղարաբաղի (հայկական վերահսկողության տակ գտնվող անջատողական շրջան) ադրբեջանական ճակատում, և որ Թուրքիան տրամադրել է ԱԹՍ-ներ և կործանիչ օդանավեր։
Կարդացեք նաև
Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։ Թուրքիայում անմիջապես չմեկնաբանեցին, թեև բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախագահ Թայիբ Էրդողանը, ով արտասահմանում զինտեխնիկայով իր երկրի մկանները ցուցադրելու առիթը բաց չի թողնում, խոստացել են օգնել Բաքվին։
Թուրքական վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսում տեղակայված Թուրքիայի հովանավորյալ ապստամբ խմբավորումների երկու գրոհայինները հայտնել էին, որ իրենց տեղափոխում էին Ադրբեջան՝ Անկարայի հետ համագործակցությամբ։
Նրանք չներկայացան՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը։ Ռոյթերսին չհաջողվեց ճշտել նրանց ասածները։
«Չեմ ցանկանում գնալ, բայց բացարձակապես գումար չունեմ։ Դժվար ու չքավոր կյանքով ենք ապրում»,-ասաց գրոհայիններից մեկն, ով կռվել էր Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ Ահրար ալ-Շամ խմբավորման կազմում։
Սիրիայում բրիգադային հրամանատարները երկու գրոհայիններին էլ ասել էին, որ ամսական կվաստակեն 1,500 ԱՄՆ դոլար։ Դա մեծ գումար է Սիրիայում, որտեղ տնտեսությունն ու արժույթն անկման մեջ են։
Գրոհայինն իր տեղակայման հարցը կարգավորել էր Աֆրինում Թուրքիայի հովանավորյալ Սիրիական ազգային բանակի (ՍԱԲ) մի պաշտոնյայի հետ։ Երկու տարի առաջ Թուրքիան իր սիրիական ապստամբ դաշնակիցների հետ գրավել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինը։
Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումների գործունեությունը համակարգող ՍԱԲ-ի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել այս հարցը։
ՍԱԲ-ի գործընկերը հանդիսացող Ջաիշ ալ-Նուխբա պահակագնդի անդամ մյուս գրոհայինին ասվել էր Ադրբեջանում 1,000 սիրիացիներ տեղակայելու մասին։ Այլ գրոհայիններ, ովքեր նույնպես չէին ցանկացել ներկայանալ, նշել էին 700-ից 1,000 հոգու մասին։
Անցյալ շաբաթ Ռոյթերսի երկու զրուցակիցները նշել էին, որ նախատեսված էր սեպտեմբերի 25-ին իրենց տեղափոխել պաշտպանական այլ ոչ թե մարտական դիրքեր։ Երկուշաբթի Ռոյթերսին չհաջողվեց կապ հաստատել՝ ճշտելու նրանց գտնվելու վայրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, թե ասել, իբրև թե սիրիացի գրոհայիներն օգնության են գալիս իր երկրին «կատարյալ անհեթեթություն»։ «Մեր զինված ուժերն ունեն ավելի քան բավարար քանակի անձնակազմ և պահեստազոր»։
Վերջին ժամանակներս Թուրքիան հաճախ է ցուցադրում իր ուժը՝ ասպատակելով Սիրիա և Իրաք կամ ռազմական աջակցություն ցուցաբերելով Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։
Թուրքիան բազմիցս է կրկնել, թե պատրաստ է աջակցել Ադրբեջանին նույնպես, որի հետ ունի պատմական ու մշակութային կապեր և իրականացնում է համատեղ ծրագրեր էներգետիկայի ոլորտում։
Օգոստոսին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջանում մասնակցեց զինավարժություններին, իսկ անցյալ շաբաթ Էրդողանը ՄԱԿ-ի վեհաժողովում իր ելույթն օգտագործեց՝ մեղադրելու Հայաստանին՝ իր հարևանի վրա հարձակվելու համար։
Անհանգստությունը, որ Թուրքիան կարող է ավելի շատ ներգրավվել հակամարտությունում, նպաստեց, որ թուրքական լիրան երկուշաբթի օրը ռեկորդային անկում գրանցի։
Սիրիացի ավագ ապստամբ Մաստաֆա Սեժարին չհաստատեց Ադրբեջանում գրոհայինների տեղակայումը, սակայն հայտնեց, որ Թուրքիան ռուսական և իրանական աջակցությամբ ապստամբներից տարածքներ վերանվաճած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմադիրների «վերջին հույսն է»։
«Թուրքիայի հետ մեր դաշինքն արտահայտվում է տարբեր ձևերով և հիմնված է ընդհանուր ճակատագրի վրա։ Բոլորովին չեմ բացառում, որ Թուրքիան սիրիացի երիտասարդների համար կարող է ռազմավարական ընտրություն դառնալ»,-ասել է նա։
Թուրքիան արդեն իսկ այս տարվա սկզբին օգտագործել է սիրիացի գրոհայիններին՝ արգելակելու, ի թիվս այլոց, ռուսական կողմի աջակցությամբ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած (արևելյան) Լիբիական ազգային բանակի առաջխաղացումը։
Գրոհայինների օգտագործումն Սիրիայում[1] կբացի ռուս-թուրքական ախոյանության երրորդ ճակատը, քանի որ Մոսկվան Հայաստանում ունի ռազմական հենակետ, Հայաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և նրան զենք է մատակարարում։ Թուրքիան չի մեկնաբանել Ադրբեջանում սիրիացի գրոհայինների տեղակայման մասին լուրերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ուշի-ուշով հետևում է իրավիճակին և որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։
Լրացուցիչ տեղեկատվություն են տրամադրել Նաիլյա Բագիրովան Բաքվից և Սուլեյման ալ-Խալիդին Ամմանից։ Հոդվածը գրել է Դոմինիկ Էվանսը, խմբագրել են Մայք Կոլետ-Ուայթը և Կևին Լիֆեյը։
[1] Հոդվածում գրված է Սիրիա, բայց հավանաբար պետք է լինի Ադրբեջան։ Թարգմանչի կողմից։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ