Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արդեն իսկ սկսել է ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Թեմայի շուրջ հարցերին է պատասխանել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը.
-Կա՞ նախնական հաշվարկ, թե որ շրջանն է առավելապես տուժել, որքան է կազմում պատճառված վնասի չափը:
-Ոչ, չեմ կարող ասել, բոլոր շրջաններին հարվածներ հասցվել են, բավականին լուրջ վնասներ եղել են Մարտունու շրջանում, Մարտակերտի, որոշ չափով՝ նաեւ Ասկերանի… Այս շրջանները առանձնացնում եմ, զուտ որովհետեւ ավելի սահմանամերձ են, ու նաեւ՝ շրջկենտրոններն էլ սահմանին մոտ են: Այս տեսանկյունից՝ սրանք ավելի ուղիղ թիրախի տակ են գտնվել, բայց իրենք ե՛ւ հրետանիով, ե՛ւ ԱԹՍ-ներով հարվածել են Ստեփանակերտին, ընդհուպ մինչեւ Բերձորին, որը առաջնագծից մինչեւ հարյուր կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ընդ որում, Բերձորում որեւէ ռազմական օբյեկտ չկա, այսինքն՝ իրենք այդ փաստարկը չեն կարող բերել:
-Ի՞նչ շենք-շինություններ, կարեւորագույն նշանակության ենթակառուցվածքներ են տուժել:
Կարդացեք նաև
-Դեպքեր կան, երբ թիրախավորվել են ոչ միայն բնակարաններ, ենթակառուցվածքներ, այլ նաեւ հանրային նշանակության օբյեկտներ, օրինակ՝ դպրոցներ, ինչը իր հերթին լրացուցիչ կերպով ցույց է տալիս իրենց տրամադրվածությունը, հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումը: Հարվածներ ստացել են նաեւ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրացանցերի, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերը, բոլոր տեղերում էլ տարբեր տիպի վնասներ կան:
-Վիրավորների մեջ ի՞նչ թիվ են կազմում կանայք եւ երեխաները, նման վիճակագրություն առհասարակ վարո՞ւմ եք:
-Մեծ թիվ, այս պահին վիճակագրություն դեռեւս չունենք, բայց բավականին մեծ թիվ են կազմում հենց կանայք ու երեխաները ընդհուպ մինչեւ՝ ծանր վիճակում գտնվող երեխա էլ կա: Մահվան դեպքերն էլ գիտեք՝ կին ու երեխա: Ինչպես գիտեք, վիրավոր հղի կին էլ ունեինք, բայց բարեբախտաբար, ե՛ւ իր, ե՛ւ փոքրիկի կյանքը փրկել հաջողվեց: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքի, տարբեր սեռի վիրավորներ կան:
-Պարո՛ն Բեգլարյան, հավանաբար տեղյակ եք, որ սոցիալական ցանցերում մարդիկ արդեն պատրաստակամություն են հայտնում կացարան տրամադրելու, առաջին անհրաժեշտության իրերով աջակցելու: Այս պահին Արցախում նման անհրաժեշտություն կա՞:
-Կարծում եմ՝ առաջանալու է, որովհետեւ սահմանին մոտ բնակվող ոչ քիչ թվով մարդիկ իրենց տները լքել են՝ փաստացի, ռազմական գործողությունների հետեւանքով դառնալով ներքին տեղահանված անձինք, եւ նրանք ունեն որոշակի կարիքներ: Իհարկե, ոչ միայն նրանք. իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք, օրինակ, նկուղներում են պատսպարվել: Կա օպերատիվ շտաբ, որը համակարգում է այս ուղղությունը, տեղեկատվական շտաբի էջում հրապարակվել են կոնտակտներ, համապատասխան մարմինները հետաքրքրված անձանց եւ կազմակերպությունների հետ կապի մեջ են: Լինում են դեպքեր, երբ ինձ էլ են դիմում: Առաջին հերթին առաջին անհրաժեշտության պարագաներն են հագուստ, ոմանց պարագայում՝ սնունդ… Բայց ընդհանուր առմամբ, պետական միջոցներով հարցը դեռեւս հնարավոր է լուծել, ժամանակի ընթացքում, միանշանակ, աջակցության կարիքը ավելի սուր է արտահայտվելու:
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում