Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտավազդ Վանյան. Վարակի տարածումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել նաեւ մարտիկների համար. «Հայկական ժամանակ

Սեպտեմբեր 29,2020 07:46

Մեր երկրում պատերազմ է. հավաքակայաններում խմբվում են սահման մեկնողները, արյունաբանական կենտրոններում վիրավորների համար արյուն հանձնողների հերթերն են, եւ ռազմադաշտից ստացվող ծանր լուրերի ներքո դժվար է պահանջել դիմակ դնել, պահպանել սոցիալական հեռավորություն: Դա կարծես նույնիսկ որպես ծաղր է հնչում: Իսկ անտեսանելի վտանգն, այնուամենայնիվ, թեւածում է ռազմաշունչ մթնոլորտում՝ սպառնալով անկանխատեսելի հետեւանքներով:

«Նման իրավիճակում, իհարկե, վարակի տարածումն առավել ռիսկային է դառնում»,- ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, եւ այն մարդիկ, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում, կոնտակտավոր են, այսինքն՝ կասկած կա, որ վտանգավոր կարող են լինել, դիմում ենք, որ նրանց չտանեն բանակ: Բայց նաեւ հասկանալի է, որ լիարժեք ամբողջը վերահսկել հնարավոր չի. գիտեք, որ հիվանդության անախտանիշ դեպքեր են լինում: Մենք կոչ ենք արել մարդկանց, որ չկորցնեն զգոնությունը, պահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ որքան պահպանվեն հակահամաճարակային կանոնները, այնքան նվազ ռիսկային կլինի այս իրավիճակը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում դիմադրողականության վրա մարդու հուզականության բարձր մակարդակը, ադրենալինի մեծ չափաբաժինները՝ Արտավազդ Վանյանը խորհուրդ տվեց անհարկի չկարեւորել դիմադրողականության դերը.

«Ճիշտ է, դիմադրողականությունն իր նշանակությունն ունի, բայց վարակը եթե տարածվում է, վարակում է: Եթե դիմադրողականությունը բարձր է, մարդը թեթեւ է տանում, սակայն վարակը փոխանցում է: Հիմա մեր հիմնական նպատակն է, որ կանոնները պահպանելով՝ վարակի տարածման տեմպը շատ չմեծանա: Դեռ մինչեւ պատերազմն արդեն իսկ մենք տեսնում էինք վարակի տարածման կորի բարձրացում: Բարձրաձայնել էինք, որ կանոնները չեն պահպանվում, բնակչության զգոնությունն էլ թուլացել է: Իսկ սուր-շնչառական վարակների տարածման շրջանը մոտենում է: Մենք դիմել ենք մեր բնակչությանը, որ պահպանեն կանոնները, քանի որ այս շրջանում ոչ միայն մեզ մոտ, այլեւ ողջ աշխարհում ավելանում է սուր-շնչառական հիվանդությունների տարածումը: Եվ դիմակ կրելով մենք ոչ միայն Covid-19-ն ենք կանխարգելում, այլեւ՝ մյուս սուր-շնչառականները: Այս ամառն էլ, գարունն էլ մեզ ցույց տվեց, որ դա այդպես է. բոլոր ինֆեկցիաների գծով նվազում արձանագրեցինք. եթե համեմատում ենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածների թվերի հետ, բավական մեծ նվազում ունենք»:

Արտավազդ Վանյանն ընդգծեց, որ եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, սպասվում է առողջապահական համակարգի շատ որոշակի ծանրաբեռնվածություն. «Վիճակը հուզական է, բայց գիտակցում ենք, որ վարակի տարածումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել նաեւ մարտիկների համար: Կարեւոր է առողջությունը մեր բոլորի՝ հենց նույն զինվորի, որ պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի»,- ամփոփեց համաճարակաբանը:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930