«Ամերիկայի ձայն». ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը գնահատում է ծայրահեղ լարված: Մտահոգիչ են հակամարտության ընդլայնման հավանականությունն ու կիրառվող մահացու զինատեսակները, որոնք սպառնում են նաև խաղաղ ազգաբնակչությանը: Բանակցային գործընթացն ու կողմերի միջև կապի բացակայությունն, ըստ դեսպան Ուորլիքի, հանգեցրեց ռազմական բախումների վերսկսմանը: Վատագույն սցենարի պարագայում, ըստ դեսպանի, դրանք կարող են ներառել նաև տարածաշրջանային երկրները:
«Կողմերը պետք է հավատարիմ լինեն խաղաղությանը և լուրջ բանակցային գործընթաց նախաձեռնեն, որը տեղի չէր ունենում որոշ ժամանակ»,- ասում է Ուորլիքը:
Մինսկի խմբի մեկ այլ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով էլ դժվար է ասել, թե կողմերից որ մեկն է սկսել բախումը: Բանակցային գործընթացն, ըստ նրա, խափանվեց վարչապետ Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո, որին հաջորդեց զենքերի կուտակումը շփման գծի երկայնքով և հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին: Նրա կարծիքով Թուրքիան և Ռուսաստանը լրացնում են Մինսկի խմբի թողած բացն այդ տարածաշրջանում: Մոսկվան սակայն ցանկանում է խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ իր ազդեցությունը մեծացնելու համար:
«Ռուսաստանն այժմ ասում է, որ կպաշտպանի Հայաստանին՝ որպես դաշնակից: Թուրքիան նույնն է ասում Ադրբեջանի մասին: Այսպիսով, կարող ենք տեսնել հակամարտության ընդլայնում»,- ընդգծում է նա:
Կարդացեք նաև
Սակայն վերլուծաբան Փոլ Սթրոնսկին լարվածության հիմքում է տեսնում մի շարք գործոններ, ներառյալ կողմերի միջև լարվածության ու ագրեսիվ հռետորաբանության աճը վերջին շրջանում, միջազգային իրավիճակի սրումն ու մեծ քանակությամբ մահաբեր զենքերի կուտակումը կողմերի ձեռքում: Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում ևս զգալիորեն նպաստեց այս զարգացումներին: Մասնավորապես, Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, տնտեսական դժվարությունները խափանեցին պետության և հասարակության միջև հաստատված սոցիալական պայմանագիրը, ըստ որի, ժողովրդավարության բացակայությունը փոխարինվում էր սոցիալական բարեկեցությամբ և Ղարաբաղի վերադարձի խոստումներով: Ըստ վերլուծաբանի, պատերազմը հնարավորություն է տալիս շեղել հանրության ուշադրությունը նման խնդիրներից:
Հակամարտության ընդլայնման առումով Փոլ Սթրոնսկին ընդգծում է՝ Թուրքիան և Ռուսաստանը չեն ցանկանում ուղղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ միմյանց դեմ, սակայն Անկարայի կատաղի աջակցությունը Բաքվին ստեղծում է նման վտանգ: Վերլուծաբանի կարծիքով նման սցենարից խուսափելու համար դիվանագիտական տարբեր խողովակներով այժմ ընթանում են քննարկումներ, քանի որ լայնածավալ տարածաշրջանային բախումը Հարավային Կովկասում չի բխում որևիցե մեկի շահերից: