Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյանը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի, ՌԴ  հայտարարությունների եւ սիրիացի վարձկանների մասին

Սեպտեմբեր 29,2020 00:34

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ ամփոփելով օրը՝ անդրադարձավ Արցախի արտգործնախարարության հայտարարությանը, որտեղ խոսվում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչների դեմ ու քաղաքացիական օբյեկտների վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից միտումնավոր հարձակումների եւ անթույլատրելի միջոցների դիմելու մասին: Արցախի Հանրապետության արտգործնախարարը նշեց, որ իրենց հայտարարությունը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԵԱՀԿ-ում, աշխատանքներ են տարվում այն ՄԱԿ-ում եւ այլ կառույցներում եւս տարածելու ուղղությամբ:

Փաստաթղթում ասված է, որ Ադրբեջանը խախտում է իր իսկ կողմից ընդունված Ժնեւյան կոնվենցիան, որին Արցախն էլ է միացել 1993-ից եւ բարեխղճորեն կատարում է իր հանձնառությունները, մինչդեռ Մայիլյանի ձեւակերպմամբ, Ադրբեջանը խախտում է կոնվենցիան. «Չնայած նրան, որ ՄԱԿ-ի անդամ է եւ այսպես կոչված ճանաչված պետություն է»:

Արցախի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ իրենց  մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով եւ տարբեր ուղղություններով, ինչի արդյունքում մի շարք հայտարարություններ են հրապարակվել՝ ի պաշտպանություն Արցախի, դատապարտվել է Ադրբեջանի ագրեսիան:  Ասաց, որ ըստ էության, բոլոր մայրցամաքներից եղել են նման հայտարարություններ, աշխատանքներ են տարվել  ԶԼՄ-ների հետ, պարզաբանվել է Արցախի դիրքորոշումը, տրվել է տեղեկատվություն, թե ինչ է կատարվել, սեպտեմբերի 27-ի առավոտյան եւ վերջին երկու օրերի ընթացքում: Համակարգվում է նաեւ Սփյուռքի կառույցների հետ աշխատանքը:

Մասիս Մայիլյանը վերջին 24 ժամվա ընթացքում ամենակարեւոր քաղաքական հայտարարությունը համարեց  ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածվածը. «Այս հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական  գործողությունները եւ անցնել բանակցությունների, այլ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է: Մենք գնահատում ենք, որ այս կոչն ուղղված է Թուրքիային եւ պետք է  զսպող դեր խաղա այս իրադարձությունների մեջ: Նաեւ եղել է նախագահ Թրամփի պատասխանը մի լրագրողի հարցին, նա նույնպես ասել է, որ ջանքեր են գործադրվում հանգստացնել իրավիճակը տարածաշրջանում, կար նաեւ  նախագահի մյուս թեկնածու Բայդենի նմանատիպ հայտարարությունը: ԱՄՆ բոլոր հայտնի գործիչները հանդես են գալիս հօգուտ խաղաղության»:

Արցախի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Նիդերլանդների պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկված երկու բանաձեւերին, որոնցից մեկով  պառլամենտը սեփական կառավարությանը կոչ է անում վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, հարկ եղած դեպքում դադարեցնել բանակցությունները ԵՄ-Ադրբեջան մակարդակում, իսկ երկրորդ բանաձեւում կառավարությանը առաջարկվում է բոլոր հարթակներում կոչ ունել Թուրքիային եւ այլ պետություններին՝  զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանը միջամտելուց:

«Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրերի ընթացքում բոլոր ընդունված հայտարարությունները եւ կոչերն այն մասին են, որ այս հակամարտությունը չունի ուժային լուծում, եւ պետք է քաղաքական հարցերը լուծվեն քաղաքական ճանապարհով՝ առանց ուժի կիրառման եւ այս դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումներին»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպես է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Տավուշյան դեպքերից հետո Ռուսաստանի կողմից եղավ հայտարարություն, որտեղ կոչ էր արվում, որ երրորդ կողմերը չմիջամտեն այս հակամարտությանը, այս դեպքերում, երբ հարձակում, ագրեսիա տեղի ունեցավ Արցախի հանդեպ, նման հայտարարություն չեղավ, բայց  Թուրքիայի միջամտությունը, մասնակցությունը ավելի ակնհայտ է ՝ եւ քաղաքական աջակցություն կա եւ զորավարժությունների են մասնակցել»:

Նախարարը նշեց, որ ամենօրյա կապի մեջ է  ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ, դիվանագիտական խողովակներով համակարգված աշխատանք են իրականացնում:

Ինչ վերաբերվում է Վրաստանի տարածքով ՀՀ ռազմական բեռներ տեղափոխել չթույլատրելուն, ասաց, որ դա նորություն չէ, եւ մեկնաբանելու բան չկա:

Ադրբեջանական կողմից կռվող սիրական վարձկանների մասին էլ խոսվեց. «Մենք ունենք տեղեկություններ եւ զեկույցներ, տարբեր աղբյուրներից ստանում ենք հետախուզական տվյալներ այդ մասին: Անհրաժեշտություն  կա կուտակել այդ ամենը եւ ներկայացնել դրանցով շահագրգիռ ատյաններին: Թեման քաղաքական, քարոզչական առումով, երևի, հետաքրքիր է, բայց պրակտիկ առումով, թերեւս՝ ոչ այնքան: Երեկ էլ ասել եմ, որ 92-94 թվականներին էլ  է Ադրբեջանը վարձկաններ բերել Աֆղանստանից եւ տարբեր տեղերից, ու որեւէ հաջողության  չի հասել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930