Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ էլ «ստըննական» են

Սեպտեմբեր 29,2020 10:00

Կիրակի օրը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ասաց, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակն է՝ համաձայնել, որ հայկական զորքերը դուրս գան նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքներից եւ համաձայնել, որ Արցախին տրվի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա չմանրամասնեց սակայն՝ արդյոք դա միայն Ադրբեջանի՞ պահանջն է, թե՞ նաեւ Ռուսաստանի: Ես հակված եմ ենթադրելու երկրորդը, քանի որ, երբ բանակցում են երկու կողմեր, ապա տրամաբանական է, որ դրանց մեջ փնտրվելու է որոշակի փոխզիջում, իսկ երբ հարցը դրված է կողմերից մեկի համար կատարելապես անընդունելի ձեւով, դա խոսում է ոչ թե մյուս կողմի, այլ միջնորդի դիրքորոշման մասին, որը ոչ այլ ինչ է, քան «Լավրովի պլան»:

Թե՛ 2016 թվականի եւ թե՛ այսօրվա մարտական գործողություններն, իմ կարծիքով, Ռուսաստանի ծրագրերին մեր վերաբերմունքի արտապատկերն են: Ռուսաստանը փորձում է անցկացնել կարգավորման իր ծրագիրը, որը, բացի վերը նշված երկու տարրերից, ենթադրում է նաեւ իր «խաղաղապահ» զորքերի տեղակայում, որն է՛լ ավելի է ուժեղացնելու իր դիրքերը տարածաշրջանում եւ, մասնավորապես, անուղղակիորեն հնարավորություն է տալու վերահսկելու տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունները: Հայաստանը շարունակում է մերժել այդ առաջարկները, ինչի մասին մի անգամ խոսել է «չափից դուրս անկեղծ» Լուկաշենկոն: Ի պատասխան՝ Ադրբեջանը ստանում է «քարթ-բլանշ»՝ պատերազմական գործողություններ ծավալելու: Մենք երկու անգամ ապացուցել ենք, որ կարողանում ենք դիմադրել այդ դավադրությանը, եւ, կարծում եմ, դեռ բազմիցս ստիպված կլինենք դա անել: Հավանաբար, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հասկանան, որ մեր վզին հնարավոր չէ փաթաթել իրենց համար ցանկալի լուծումը:

Այստեղ, ինչպես ասում են, պարզ սիլոգիզմ է՝ եթե պատերազմից խուսափելու միակ միջոցը հանձնվելն է, ուրեմն պետք է պատերազմել: Իրականում, հանձնվելը ոչ միայն չի կանգնեցնի պատերազմը, այլեւ կբորբոքի այն, որովհետեւ եթե մենք «դուրս գանք» Արցախից, ապա վաղը մեզնից կպահանջեն «դուրս գալ» նաեւ Հայաստանից, ինչի մասին Իլհամ Ալիեւը նույնպես հաճախ խոսում է ամենայն անկեղծությամբ:

Ինչպես եւ նախորդ անգամ, Ռուսաստանը կփորձի կանգնեցնել պատերազմն այն ժամանակ, երբ կտեսնի, որ Ադրբեջանը ոչ միայն չի հասել շոշափելի արդյունքների, այլեւ մարտական գործողությունները շարունակելու դեպքում կունենա մեծ կորուստներ: Իսկ առայժմ կարելի է միայն կրկնել Արցախի նախագահի խոսքերը. «Պատերազմ են ուզում, պատերազմ էլ ստըննական են»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հա՜.. ուրեմն նորէն, այս ամէնը՝ չար Ռուսաստանի յանցանքն է…

    Մէկդի դնենք դեռ այն վիճաբանութիւնը, որ եթէ այդպէս է, արդեօք դրա պատճառը այն չէ՞, որ Հայաստանը բաւարար չափով կայուն ու վստահելի դաշնակից չէ, Ռուսաստանի համար: Որ երկու տարիներէ ի վեր, Հայաստանի արեւմտամէտ հակումները հասան իրենց աննախադէպ գագաթնակէտին: Այդ նիւթը, յետաձգենք, բացառապէս առ ի յարգանք՝ ռազմաճակատում նահատակուողներին:

    Սակայն հենց այս խմբագրականի տրամաբանութեան մէջ, պիտի ուզէինք հասկանալ թէ ուրեմն, այդ պարագային, ինչպէ՞ս եւ ինչո՞ւ, այս անգամ յատկապէս, Թուրքիան մասնակցում է յարձակումին: Այդ ա՞լ, Ռուսաստանի համաձայնութեամբ է… Որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, հարաւային Կովկասում, ռազմական ներկայութիւն դառնայ, միջամտութիւն կատարէ, սահմանագծերի հետ խաղայ…

    Այժմ տեղի ունեցածը, ուղղակի Արեւմուտքի ուզածն է: Յոռեգոյն պատկերացումով, Ռուսաստանը միայն դանդաղեցնում է իր միջամտութիւնը, ի նպաստ Հայաստանին… Այն պատճառով, որու քննարկումը… յետաձգենք, մինչեւ զինադադարը վերահաստատումը:

  2. Իրատես says:

    Հոդվածում 5 անգամ օգտագործվել է «Ռուսաստան» բառը և 0 անգամ «Թուրքիա» բառը։
    Հոդվածը կիսատ մտքի տպավորություն է տողում։ Հոդվածագիրը պետք է հայտարարի, որ Ռուսաստանը մեզ ոչ մի զենք չի մատակարարել վերջին օրերին Կասպից ծովի և Իրանի օդային տարածքով։ Կարելի է ավելի հեռու գնալ և հայտարարել, որ Իսրայելը(իրենց արտգործնախարարությունը ի դեպ իրականում կոչվում է՝ ԱՄՆ), Թուրքիան և Վրաստանը բարեկամ երկրներ են և այս պատերազմի օրերին Ադրբեջանի զինվելու հետ ոչ մի կապ չունեն։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Պարո՛ն Աբրահամյան, ավելի լավ է թեմայից այժմ ընդհանրապես չխոսել, քան մոլագարության և ապաշնորհության արդյունք այս վիճակի պատասխանատվությունը բարդել օտար ուժերի վրա: Պարզ է, որ հիմա պատերազմելուց բացի ուրիշ ոչինչ չենք կարող անել: Բայց ինչու՞ հայտնվեցինք այս վիճակում:

  4. Alfred says:

    Իսկ Ռուսաստանը ինչ երաշխիք ունի որ հենց իր զորքերն են այնտեղ տեղակայելու և ոչ թե Թուրքիայինը

    • Հ.Շ. says:

      դեռ ո՞րմէկը ըսենք, մատնանշենք…

      որեւէ տեսակի ատելութեան դէմ, բանականութեան խօսքը՝ ի զուր է

      F-18-ը, արդէն ակնյայտ է… արդեօք անոր ո՞վ տուաւ «քարթ պլանշ», որ կրակէ այն օդային տարածքին մէջ, որու ապահովութիւնը Ռուսաստանը կ’երաշխաւորէ…

      իսկ պատերազմը սկսելէն ետք, ՆԱՏՕ-ն հրաւիրեց Վրաստանին դիմելու՝ որ ՆԱՏՕ-ի անդամ դառնայ. նո՛յն պահին երբ Վրաստանը մարմնապէս արգիլում է Ջաւախքի հայերին, օգնութեան հասնիլ Հայաստանին

      բայց չէ՜… Ռուսաստանն է, խնդիրը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930