Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ եմ Արցախի անկախության ճանաչմանը». Արա Պապյան

Սեպտեմբեր 29,2020 00:03

«Ես դեմ եմ Արցախի անկախության ճանաչմանը, քանի որ գտնում եմ՝ անկախությունը ոչ միայն խնդիրներ չի լուծում, այլև խնդիրներ է առաջացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման նպատակահարմարության առթիվ հարցին այսպես պատասխանեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նշենք, որ Արա Պապյանը կողմ է Արցախի՝ Հայաստանին միացմանը: Նրա ձևակերպմամբ՝ Արցախի անկախության ճանաչումն այն բուժումն է, որն հիվանդությունից ավելի վատն է: Նա հարց է տալիս՝ անկախության ճանաչման քայլը ո՞րն է. «Եթե ուզում են ճանաչել անկախությունը, ապա ի՞նչ կարգավիճակ ունի Արցախը ներկայումս: Ներկայումս Արցախը դե յուրե և դե ֆակտո ՀՀ մաս է: Եթե չլիներ ՀՀ մաս, ապա ի՞նչ գործ ունի ՀՀ զորակոչիկը օտար երկրում: Երկիր, որի հետ մենք չունենք ռազմաքաղաքական համագործակցության որևէ պայմանագիր, չունենք, քանի որ չենք էլ ճանաչել անկախությունը: Դրա համար գտնում եմ, այո, Արցախը ՀՀ մաս է, և բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են այդ միասնությունն ամբողջացնելու համար, դրանք պետք է չեզոքացնել ու փոփոխել և ունենալ Արցախի մարզ ՀՀ կազմում»:

Արա Պապյանը հարցնում է՝ հույս կա՞, որ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումից հետո բացի ՀՀ-ից որևէ երկիր ևս կճանաչի Արցախի Հանրապետությունը ու պատասխանում. «Ճանաչող էին 28-29 տարի է այդ քաղաքականությունն է տարվում, կճանաչեին: Արցախի անկախությունը չի ճանաչել որևէ երկիր»:

Մեր դիտարկմանը՝ երբ նայում ենք՝ չճանաչված պետությունների դեպքում մշտապես կոնֆլիկտի սրումից հետո են սկսվել ճանաչման գործընթացները, oրինակ՝ 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո Ռուսաստանում սկսվեց Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելու գործընթացը, Արա Պապյանն այսպես արձագանքեց. «Եվ քանի՞ երկիր է ճանաչում Աբխազիայի անկախությունը ներկայումս՝ յոթ, ութ երկիր, էն էլ ինչ-որ Վանատուա… դա ի՞նչ տվեց Աբխազիային, ոչ մի բան: Հիմա ՌԴ-ն հիշեցրիք, եթե մենք Արցախը ճանաչում ենք անկախ, որևէ մեկը բացի մեզնից չի ճանաչում, մենք Արցախի ղեկավարությանը հնարավորություն ենք տալիս առանց հաշվի նստելու Երևանի հետ քայլեր ձեռնարկել: Այդ դեպքում իրենք կանչում են ռուսական զորքերին, տեղակայում Արցախի տարածքում: Ի՞նչ է անում ՀՀ-ն այդ պարագայում, կարո՞ղ է ինչ-որ բան անել Հայաստանը, իրեն Ստեփանակերտում կասեն՝ գուդ բայ մայ դարլինգ, ի՞նչ կապ ունենք ձեզ հետ, մենք անկախ երկիր ենք, ինչո՞ւ եք միջամտում: Շատ խնդիրներ կան՝ կապված քաղաքացիության, ուսման բուժսպասարկման հետ և այլն»:

Արա Պապյանի պնդմամբ՝ խորհրդարանը չի բացատրում՝ ինչ առավելություն ունի անկախության ճանաչումը  միասնության ճանաչումից. «Ինքն ի սկզբանե մի թեզ է առաջ քաշել և այդ թեզն առաջ է տանում, բայց մի հատ քննարկեք, բացատրեք, հասկանանք՝ որն է լավ, որը վատ:

Ճանաչման դեպքում պատժամիջոցների կիրառման հավանականության մասին Արա Պապյանի բնութագրմամբ՝ հեքիաթները մի խումբ մարդիկ Արցախում սեփական շահի, պաշտոնի, փողի համար են հորինել, իբր թե անջատումը լավ է, քան միացումը: Մեր հիշեցմանը՝ Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ դեռ տավուշյան դեպքերից հետո այդ հարցն արդի է, Արա Պապյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցում շահերի բախում կա. Մասիս Մայիլյանը պաշտոնյա է, չի կարող օբյեկտիվ լինել»:

Զրույցի ավարտին Արա Պապյանին խնդրեցինք ձևակերպել՝ ըստ նրա՝ ի՞նչ քայլեր ձեռնարկելն այս պահին կլինի արդյունավետ, նա պատասխանեց. «Միացյալ նիստ գումարվի Արցախի խորհրդարանի հետ միասին, որ հաջորդ ընտրություններ չեն կայանալու, այս խորհրդարանը և այս նախագահն իրենց ժամկետները սպառում են և սպառումից հետո տեղի են ունենում վարչական փոփոխություններ: Այսինքն՝ որոշումը կայացվում է հիմա, որ որոշումն անփոփոխ է, բայց գործադրվում է, օրինակ, 2023 թվականի հունվարի մեկից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930