Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեցին ընդդեմ Արցախի

Սեպտեմբեր 29,2020 10:10

Անկարայի ու Բաքվի քայլերը իրենց իսկ հրահրած պատերազմում պլանավորված էին

Ալիեւն ու Էրդողանը Հայաստանի ներկայիս իշխանությանը թշնամի են համարում

Ադրբեջանը՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո երրորդ անգամ՝ այս անգամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, սանձազերծել է նոր պատերազմ: Որ իրադարձությունների նման զարգացումը չէր բացառվում՝ բազմիցս անդրադարձել ենք թեմային:

Պաշտոնական Բաքուն հետեւողականորեն նախապատրաստվում էր այս պատերազմին՝ թե՛ քարոզչության, թե՛ սահմաններում: Ալիեւի վերջին ամիսների հռետորաբանությունը, նկատելի էր, որ պարզապես դժգոհության նոտաներ չեն. ակնհայտ էր, որ Ալիեւն արդեն Հայաստանի ներկայիս իշխանությանն է թշնամի համարում:

Ավելին՝ պաշտոնական Անկարան շաբաթներ առաջ պաշտոնապես, երկրի պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարեց, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կողմ է:

Սեպտեմբերի 27-ին, այսպիսով, Բաքուն ու Անկարան սանձազերծեցին նոր պատերազմ ընդդեմ Արցախի: Թերեւս, նպատակ ունենալով կարճատեւ մարտական գործողություններով էական առաջխաղացում ապահովել՝ նրանք «ըստ արժանվույն» քարոզչական հիմքերն արդեն իսկ ապահովել էին: Սակայն հայկական կողմի դիմադրությունն ակնհայտ է, որ փոխել է թուրք-ադրբեջանական ծրագրերը: Հայաստանի հակառակորդները զգալի կորուստների գնով շարունակում են համառել:

Ի՞նչ հիմքեր էր նախապատրաստել Ադրբեջանը… Անցյալ շաբաթը հարուստ էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությունների, մեկնաբանությունների առումով: Ադրբեջանի նախագահն ընդդեմ Հայաստանի իշխանության կոշտ հակաքարոզչության եւ գործողությունների ակտիվ ռեժիմում էր:

Ալիեւը դարձյալ հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում դժգոհեց Հայաստանում աշխարհազոր ստեղծելու մտադրությունից եւ ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ արել զսպել Հայաստանին։ Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը շարունակ կրկնում էր Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությունը:

Բանը հասավ նրան, որ Բաքուն արդեն դժգոհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից՝ մեղադրելով նրանց «ապարդյուն գործունեության» մեջ: Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում` Ադրբեջանի ղեկավարն ասել էր. – «Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային եւ բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»: Ալիեւը դժգոհել էր, թե Հայաստանը այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր ավելի քան մեկ տոննա ռազմամթերք է ստացել։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց», առանց անուններ նշելու նշել էր նա:

Ալիեւին հունից հանել են Փաշինյանի ելույթները

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ առաջին անգամ վիրտուալ ձեւաչափով անցկացվող նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, հուլիսին Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիվ գործողությունների մասին, երբ Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ: «Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի: Հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից եւ սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:

Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը վերահաստատում է ԼՂ-ի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը՝ հավելելով. «Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության եւ միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն: Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը»:

Փաշինյանը խոսեց մի թեմայի մասին, որը գաղտնիք չէ Արեւմուտքում որեւէ մեկի համար: Նա մասնավորապես ասաց. «Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատեւությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը եւ հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը եւ մարդու իրավունքների համատարած խախտումները: Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից եւ ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում եւ սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը եւ տեղական հրամանատարների միջեւ կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարեւոր են»:

Կարելի է ենթադրել, որ Ալիեւին հունից հանել է Փաշինյանի վերոնշյալ ելույթը: Նրանում միջազգային բարձր ամբիոնից ՀՀ վարչապետը խոսեց մի թեմայի մասին, որը Ադրբեջանի հասարակության համար որոշակի նշանակություն ունեցող է՝ այն առումով, որ Ալիեւն այս տարիներին ընդամենը զբաղված է եղել սեփական իշխանության պահպանմամբ, զուգահեռ որին, նա երբեմն-երբեմն հանդես էր գալիս Ադրբեջանի «անպարտելի բանակի» մասին ճառերով, որպեսզի սեփական հասարակության մոտ հարցեր չառաջանային մոտավորապես նմանօրինակ հարցերը՝ «իսկ Ղարաբա՞ղը…»:

Փաշինյանը խոսեց նաեւ Թուրքիայի՝ իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականության մասին: «Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ եւ այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաեւ այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:

Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին եւ ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսեւորում՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անմիջական հարեւանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ: Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի եւ տարածաշրջանի համար», նշել էր Փաշինյանը:

«Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների»

Սեպտեմբերի 25-ին Փաշինյանը կառավարությունում ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը: Փաշինյանն այս հանդիպմանն էլ հանդես եկավ ծավալուն ելույթով՝ արձանագրելով, որ տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է: Նա արձանագրեց, որ Ադրբեջանը ապակառուցողական կեցվածք է որդեգրել, երբ Բաքվից հայտարարում են, թե ԼՂ խնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետեւյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձեւ, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետեւաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որեւէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որեւէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն: Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձեւակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական եւ ապակառուցողական մոտեցում է, եւ ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետեւյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը»:

Փաշինյանն ընդգծեց, որ ի սկզբանե Հայաստանը զգուշացրել է, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: «Դա անիմաստ գործ է, որովհետեւ մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ եւ՛ անձամբ, եւ՛ հեռակա, եւ՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետեւ նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքի»:

Ըստ Փաշինյանի, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ. «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի եւ՛ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ՛ Հայաստանի ժողովրդի համար, եւ՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում»:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին հանդես էր եկել ելույթով, որի տեսանյութը, ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել էր ՄԱԿ-ի պաշտոնական կայքում եւ յութուբյան ալիքում: Այստեղ էլ Փաշինյանը խոսել էր ինքնորոշման սկզբունքի մասին՝ նշելով հետեւյալը. «Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին եւ իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով: Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին եւ միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է»:

Շարունակությունը՝ այստեղ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930