Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահ. «Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ»

Սեպտեմբեր 28,2020 23:15

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  ճեպազրույցում  ամփոփելով լայնածավալ պատերազմական երկրորդ օրը՝ շեշտեց, որ դիրքային առումով շատ  բան չի փոխվել  առաջնագծում. «Լայնածավալ  մարտական գործողությունները Օմարից մինչեւ Արաքս են, որեւէ  տեղ որեւէ բան չի փոխվել, իհարկե հակառակորդի հիմնական ուղղությունները եղել հարավային ուղղությամբ՝ Ջաբրաիլ, Ֆիզուլի եւ Թալիշ եւ Մատաղիս, Եղնիկներ հատված՝ Հյուսիս-արեւելյան ուղղությունը: Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որ երեկ հայտնել էին, թե իբր Մռավը գրավել են, հարձակվել են, սակայն որեւէ հաջողություն չեն արձանագրել: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակվել են  մարտական գործողություններ Օմարի ուղղությամբ»:

Արայիկ Հարությունյանը մի օրինակ բերեց. «Հարավային ուղղությամբ Կարախամբիլի գյուղի հատվածում տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են: Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ  երեկ Ադրբեջանի զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարելու, որ  մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել, դրա  համար իրենց բացը լրացնելու համար այսօր՝ երեւի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի տանկ եւ այլ զրահատեխնիկա են օգտագործել:

Մեր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկա,սակայն կոնկրետ թվերի եւ  կորուստների մասին շտաբի լրատվականը կհայտնի: Ուզում եմ նշել, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին»: Նա նաեւ փաստեց, որ մասնագետներն էլ պնդում են, որ  Արցախի կապի ուղղությունները եւ համակարգը վնասելուն ադրբեջանական կողմը  ամիսներով է պատրաստվել:

«Այն որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել, եւ իրենք անցել են հակահարձակման, հաստատում է այն, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, եւ այդ մասին  բոլորը գիտեն: Այսօր շատ հետաքրքիր մի դիտարկում ենք արել. երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, դրանք այնպիսի տեխնիկաներ են, որոնք հարձակողական են՝ տանկեր, անօդաչուներ եւ այլն: Իսկ իրենք դնում են մեր հակաօդային պաշտպանության  որոշ տեխնիկաներ, որոնք հարձակողական զենք չեն…

Նրանց այն մարտական տակտիկան , որը կիրառել են վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցեն մեր քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական  օբյեկտները…Իրոք  սա կենաց-մահու պատերազմ է, եւ մենք այս պատերազմը հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ  իմ հայրենակիցներով՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի…»:

Արցախի նախագահն ընդգծեց, որ նման վարքագիծ ունեցող Ադրբեջանի իշխանության հետ որեւէ երկխոսություն հնարավոր չէ: Ապա` հավելեց. «Թուրքիայի լկտիությունը նույնպես ամեն օր տեսնում եք, մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական  համատեղ ուժերի դեմ, եւ դա ընդհանուր ծրագիր է, եւ հարցը միայն Արցախին չի վերաբերվում»:

Լելե Թեփե բարձունքի ազատագրման մասին հակասական  լուրերը նախագահը չցանկացավ մեկնաբանել, ասաց,  որ տակտիկական առումով որեւէ շատ կարեւոր դիրք հակառակորդը չի գրավել, կորուստներ չենք ունեցել, բայց վնասազերծվել են զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, նրանց պատճառվել են մարդկային կորուստներ. «Լալա Թափի, թե Լալա լագի, որեւէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղն ունենանք  նահանջ կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ: Մենք պետք է շատ ավելի ծանր, ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք…

Հակառակորդն իր ողջ զինվորական ուժերն օգտագործել է եւ շարունակում է օգտագործել, առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա ենք հաշվում: Դրա համար պետք չէ անդրադառնալ դիրք տալուն կամ դիրք վերցնելուն…Պետք է կարողանանք զինտեխնիկայի ու մարդկային այնպիսի կորուստներ պատճառել նրանց, ինչպես եղել է 92-94 թթ, այլ տարբերակ չկա այս փուլում, դեռ քաղաքական, կոմպրոմիսային, զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»:

Ինչ վերաբերվում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, այս մասին էլ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ քննարկումները շարունակվում են, եւ իրենց համար այսօր ամենակարեւորը դեռ անվտանգությունն է. «Անվտանգությունը մեզ համար այսօր գլխավորն է, իսկ  կճանաչեն, թե չեն ճանաչի, դեռ պետք է հաղթենք պատերազմում: Հաղթելուց հետո կամ հաղթելու ընթացում արդեն  ճիշտ քաղաքական որոշումներ կկայացնենք»:

Անդրադարձ եղավ նաեւ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող հերոսների, զինվորականների ու  գեներալների ներգրավմանը: «Խոսքը գնում է Ղարամյանի, Կարապետյանի, Մնացականյանի մասին: Բոլոր այն  հերոսները, զինվորականները, գեներալները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, սիրով ընդունել ենք: Նրանք զանգել են ինձ եւ բանակի հրամանատարին, առաջարկել են իրենց ծառայությունը, մենք բոլորին սիրով ընդունել ենք»,-ասաց նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930