Գյումրու Հայորդաց տունը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ համակարգել էր սահմանին կանգնած զինվորներին օգնություն հավաքագրելու պատասխանատու գործը ու պատվով դուրս եկել, այսօրվանից նորից գործի անցավ։
Հայորդաց տուն տարբեր տեսակի օգնությունն են բերում՝ սննդամթերքից, դեղորայքից սկսած մինչև հիգիենայի պարագաներ։ Զինվորներին առաքվող արկղերն արդեն պատրաստ են։
Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից մարդիկ զանգահարում էին ՝ հետաքրքրվելով, թե ինչ կարող են անել։
«Որպեսզի այս գործընթացն ինքնահոսի չմատնվի, Շիրակի մարզպետի հետ որոշեցինք Հայորդաց տանը կազմակերպել այն, նաև նրա համար, որ մարդիկ գիտեն ուր պիտի գան, նրանք ինքնաբերաբար գալիս են այստեղ։ Եվ քանի որ սա Մայր Աթոռի կառույց է և զորավոր է մարդկանց ունեցած հավատի տեսանկյունից, մեր դռները բաց են։ Եվ քանի որ արտակարգ դրություն է, հաշվի առնելով համավարակի հետ կապված կանոնների պահպանման անհրաժեշտությունն՝ այդ առումով ևս մեր տարածքը շատ հարմար է․ մի քանի մուտքեր ունենք, կարող ենք պրոցեսը կազմակերպել ճիշտ և չվնասել ազգաբնակչությանը։
Այսօր առավոտից ստեղծվեց «Ես Արցախն եմ, Շիրակ» նախաձեռնությունը։ Մենք, իհարկե, հետո հանդես կգանք հայտարարությամբ, որպեսզի կարիքները գնահատվեն․ լինեն համաձայնություններ, ինքնագլուխ որևէ մեկին խորհուրդ չեմ տա որևէ բան անել։
Կարիքների գնահատումից հետո առաջին անհրաժեշտության ինչ-որ պետք է, կհայտարարենք, որպեսզի մարդիկ չգնեն ինչ-որ բաներ, ավելորդ գումարներ չծախսեն, և հետո մենք էլ չիմանանք եղածն ինչ անել»,-ասաց Աստղիկ Եդիգարյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե բանակը չունենա օգնության կարիք, այն կպահեստավորվի։
Աստղիկ Եդիգարյանը նաև տեղեկացրեց, որ ստեղծել են բազա այն ընտանիքիների, որոնք պատրաստ են հյուրընկալելու տարհանված ընտանիքներին։ Ի դեպ, բավական մեծ թիվ են կազմում հյուրընկալման պատրաստ ընտանիքները։ Ըստ նրա, եթե անհրաժեշտություն լինի երեխաների տեղափոխման ու առօրյայի կազմակերպման, Հայորդաց տունը պատրաստ է 50 երեխաների պահել։
Աստղիկ Եդիգարյանը նաև ասաց, որ կան Սփյուռքում բնակվող գյումրեցիներ, որոնք պատրաստ են կապը համակարգել Սփյուռքի հետ։
Մեր զրուցակիցը հիշեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչեր էին անում մեր քաղաքացիները։
«Մեր ժողովուրդն իսկապես անպարտելի է, մեր աշխատանքի ընթացքում այնպիսի իրողություններ ենք տեսել, որ մեզ մինչև հիմա ցնցում է, օրինակ ՝ մի տատիկ մի լիտրանոց բանկայով մեղրով էր բերել՝ ասելով ՝ մեղրս ուժ է տալիս զինվորներին, մեկը բերել էր իր թոշակը՝ իհարկե, սկզբունք կա ընդհանրապես դրամ չվերցնելու, տատիկն այնքան կանգնեց, մինչև մեքենան եկավ․ վարորդը միայն վառելիքի ծախս էր ուզում։ Տատիկը կանգնել, չէր հեռանում, ասում էր՝ չէ, թոշակս պիտի տամ ու զոհված թոռնիկ ուներ, կանգնեց, վճարեց վարորդին ու գոհ գնաց։
Ինչու մեր նախաձեռնությունը «Ես Արցախն եմ», այ այս պահին բոլորս Արցախն ենք՝ Շիրակն էլ, Սպիտակն էլ, Վանաձորն էլ, Կապանն է, Գորիսն էլ, եթե պահը հասունանա, ինչպես վարչապետն ասաց՝ ծեր մանուկ, կին, տղամարդ այլևս չի լինելու։ Աստված չանի մեր կանայք էլ պատերազմին խառնվեն, ինչպես «Սասնա Ծռերում» է՝ առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ, իսկ մեր կանայք հաստատ թշնամու կոկորդ կրծող են, մի թիզ անգամ չունենք տալու որևէ մեկին։
Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, ես պատկերացնում եմ հայրենիքն էլ ընտանիք , և ամեն հայ կին ինչպես է իր օջախը պահում, պաշտպանում, մենք մի քիչ ուրիշ ենք այս առումով, մեր մոդելը ընտանիքի ուրիշ է, և ինչպես մեր դռանն ենք վերաբերվում, այնպես էլ մեր երկրին ենք վերաբերվում։ Կոնկրետ ինձ համար իմ երկիրն իմ ընտանիքն է, և նրա յուրաքանչյուր սահմանը իմ տան դուռն է, որտեղ որևէ օտար մեկը չի կարող մուտք ունենալ, առավել ևս անսպասելի հյուրի կարգավիճակով հանկարծ փորձի կպչել այդ դռանը, մենք բոլորս կդառնանք մի զինվոր»,-ասաց Աստղիկ Եդիգարյանը։
Լուսանկարները՝ Աստղիկ Եդիգարյանի ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ