Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, Իլհամ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին». Պարգև սրբազան

Սեպտեմբեր 28,2020 22:15

«Մեր Արցախի խնդիրը տարրական մարդու իրավունքների խնդիր է»,- «Արցախ» տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա նշեց՝ այստեղ ոչ տնտեսական հարց է, ոչ կրոնական, ոչ հողային , այլ տարրական մարդու իրավունքի խնդիր է:

Պարգև Սրբազանը փաստեց՝ հերթական անգամ տեսանք՝ ինչպես Ադրբեջանի քաղաքական վերնախավը, ոչ թե ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը և ամբողջ սահմանով մեկ հրահրեց պատերազմ: Նա բարձրաձայնեց. «Լավ, Իլհամ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին, որոնք իրենց հերթին կորուստ են տալիս: Արդեն 30 տարուց ավելի ասում եմ՝ ուշ, թե շուտ պատերազմներն ավարտվում են. հավերժ պատերազմ չկա, ուշ թե շուտ այդ խաղաղությունը պիտի գա: Աստված տա, որ այդ խաղաղությունը մեկ օր շուտ գա և′ ադրբեջանցիների, և′ հայերի համար: Ուղղակի պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը»:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարևորեց՝  ունենք մեկ անելիք. նախ ազգովի պիտի լինենք միաբան ու շարունակեց. «Երկրորդը, ամեն ինչով պետք է սատարենք հայոց բանակին, որը կարող է ապահովել մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Պատերազմը կյանքի երեսներից մեկն է: Դա էլ մի ծառայություն է, և ամեն մեկը պետք է ինքն իրեն համախմբված պահի: Առաջին անգամ չէ այս պատերազմը, սա էլ կանցնի, այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք, ուղղակի ամեն մեկս պիտի անենք մեր անելիքը»:

Պարգև Սրբազանը նաև տեղեկացրեց, որ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ է զրուցել, նա պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ օրհնելու մեր զիվորականներին ու ասաց. «Պիտի խորհրդակցենք Արցախի նախագահի հետ և պատշաճ ձևով փորձենք դիմավորել Ամենայն հայոց կաթողիկոսին»:

Հարցին, քանի որ պատերազմող բազում սերունդների է տեսել, իր տպավորությամբ ինչպիսի՞ն է այս սերունդը, Պարգև սրբազանը պատասխանեց. «90-ական թվականների պատերազմի ժամանակ ես հիացած էի սկզբից մեր ֆիդայիններով, հետո կազմակերպված բանակով, իրենց հերոսությամբ, խիզախությամբ, նվիրումով: Չորս տարի առաջ, երբ եկավ ապրիլյան պատերազմը, ես ավելի ոգևորված էի. այս անկախ սերնդի 18-20 տարեկան տղաները գերազանցեցին մեր սերնդին. ավելի հզոր որակի տղաներ էին և իրենք էլ պարտական էին իրենց ծնողներին, որոնք տեսել էին պատերազմ: Վստահ եմ, որ այսօրվա մեր երիտասարդները, որոնք տեսել են նաև ապրիլյան պատերազմ կամ եղբայր, ընկեր, դասարանցի, դրացի ունեն, շատ խիզախ են իրենց պահում: Հպարտ եմ, որ նման երիտասարդ սերունդ ունենք, բրավո իրենց, բրավո իրենց ծնողներին»:

Հարցին՝ այս օրերին առաջնագծում հոգևորականներ կա՞ն, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պատասխանեց. «Գիտեք՝ մեր բանակում գործում է գնդերեցների ինստիտուտը: Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ իրենք կան: Եվրոպայում և ԱՄՆ-ում վաղուց կա այդ ինստիտուտը, մենք դեռ Վարդանանցից ենք հիշում, որ բանակի հետ հայ վարդապետ եպիսկոպոսներ էին: Եվրոպայում այսօր գնդերեցներին սպայական աստիճան են տալիս՝ գնդապետ, գեներալներ, որոնք պաշտոնապես զենք են ստանում և զենք են կրում: Իրենք հոգևոր ծառայությունը մատուցելու նպատակով նաև զինվորական ծառայություն են անցնում զուգահեռաբար: Այո, մենք ունենք մեր սարկավագները, քահանաները, որ հենց բանակին են կցված: Մեր թեմը միշտ էլ մեր բանակի կողքին է եղել և միշտ էլ պատրաստ ենք իրենց հետ լինել: Որտեղ քո զավակն, այնտեղ էլ դու, ուրախ է, պիտի ուրախանաս իր հետ, տխուր է, պիտի տխրես, եթե պետք է իրեն գոտեպնդել, առաջին գծում պիտի ուս ուսի տաս. քո զավակներն են, և դու պետք է խնամք տանես, դա շատ բնական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930