ԵԽԽՎ դիտորդները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են անհապաղ թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին։ Այս մասին ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և լարվածության աճի կապակցությամբ, ինչը ռիսկի է ենթարկում տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք երկու կողմից հաղորդվող քաղաքացիական և զինվորական զոհերի համար», – ասվում է հայտարարության մեջ։
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ: Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին զերծ մնալ գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել այս տարածաշրջանում լարվածությանն ու անկայունությանը: Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի», – ասել են համազեկուցողները և հավելել, որ Վեհաժողովը պատրաստ է նպաստել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ