ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:
ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը:
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը:
ՀՀ ԱԳՆ