Այսօր վաղ առավոտից արյուն տալու մեծ հերթեր են գոյացել Գյումրու արյան կայանում․ թե՛ անհատներ, թե՛ կոլեկտիվներ գալիս են արյուն հանձնելու, շատերին ստիպված հերթագրում են, որպեսզի կանչեն, երբ անհրաժեշտ լինի։ Գյումրու արյան փոխներարկման կայանի տնօրեն Սուսան Պետրոսյանի հեռախոսն էլ ոչ մի վայրկյան ազատ չի մնում, քաղաքացիներն անընդհատ զանգահարում էին՝ արյուն առաջարկելով։
Սուսան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից սկսել են արյուն վերցնել, որը շարունակվել է մինչև գիշերը մեկը․ հերթն այդքան շատ է եղել։
«Այսօր առավոտ ժամը ութից շարունակեցինք վերցնել, կեսօրին դադարեցրեցինք։ Բնակիչները մեծ մասը հերթագրվել է, հեռախոսահամարները թողել են, որ անհրաժեշտության դեպքում զանգենք, կանչենք։ Գալիս են ինչպես անհատներ, այնպես էլ դպրոցի աշխատակիցներ, համայնքապետեր, բուժաշխատողներ, երեկ ամբողջ օրը բուժաշխատողներ են եկել։ Անընդհատ զանգահարում են, թե որ ժամին գանք արյուն հանձնելու։ Մի աղջիկ էլ, որ ուսանողուհի էր, եկել էր մայրաքաղաքից, առողջական խնդիրներ ուներ, մերժեցինք, լացելով հետ գնաց, թե ես ի սրտե ուզում էի արյուն տալ»,-ասաց Սուսան Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ