Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմն այսպես շարունակվեց, երկարեց, ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը». ԱՀ ԱԺ նախագահ

Սեպտեմբեր 28,2020 21:15

«Այսօր ԱՀ ԱԺ-ում չկան հինգ կուսակցություններ, այսօր ԱՀ ԱԺ-ում կա մեկ կուսակցություն. Արցախի ժողովրդի կուսակցությունն է»,-«Արցախ» տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա փաստեց՝ այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և Ադրբեջան-Թուրքիա տանդեմն է հիմա աշխատում ամբողջ առաջնագծի երկայնքով: Արթուր Թովմասյանը նշեց. «Հավաստիացնում ենք ձեզ, որ արդեն մեր բանակը կասեցրել է թշնամու գրոհը և մեր բանակն ի վիճակի է այն տեղափոխել թշնամու իսկ տարածք և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994-ին՝ ադրբեջանաղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ Տավուշի դեպքերի ժամանակ:

Ըստ Արթուր Թովմասյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել: Նա շարունակեց. «Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է չեզոք դիրքեր մեր հարևաններից, և կարծում եմ ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարը կայանա: Ադրբեջանն ասում է, որ բանակցություններով հարց չի լուծվում, բայց սիրելի′ ժողովուրդ, ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, ժողովրդի հետ: Մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Այս պատերազմը, որն Ադրբեջան-Թուրքիա տանդեմն էր՝ ուղղված ԱՀ դեմ, դա ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու: Ադրբեջանը թող ժողովրդավար ճանապարհով իշխանություն ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցել: Հարցերի այն շրջանակը, որ կա, ոչ թե վերաբերում է Երևանին, այլ Բաքվին ու Ստեփանակերտին: Ունենք երեք ադրբեջանաարցախյան պատերազմ, սեպտեմբերյան պատերազմը շարունակվում է»:

Նա նշեց, որ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված քաղաքակիրթ աշխարհին և սպասում է քաղաքակիրթ աշխարհի կողմից որևէ պետության՝ Արցախի Հանրապետության ճանաչումը:

Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ եթե պատերազմն այսպես շարունակվեց, երկարեց, ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը. «Տեսանք, որ նաև երեկ ՀՀ ԱԺ-ի հատուկ նիստում նաև այդպիսի առաջարկություններ հնչեցին տարբեր խմբակցությունների կողմից, նաև տեսանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը օրակարգում է: Ժողովուրդ, ո՞նց կարելի է հայ-թուրքական արձանագրությունները երկու տարի պահել ՀՀ ԱԺ-ի օրակարգում, բայց Արցախի ճանաչման հարցը գոնե մեկ տարի չպահել օրակարգում: Ի՞նչ է տալու դա մեզ: Պատերազմը շարունակվելու դեպքում դա զսպաշապիկ կլինի, ընդամենը մնում է քվեարկել ՀՀ ԱԺ պատգամավորներին: Արցախի անկախության ճանաչման հարցը չպետք է դառնա քաղաքական թեմա, բոլոր 132 պատգամավորներով պիտի մտնի օրակարգ, երեք քաղաքական ուժերի խմբակցությունները պիտի միասին մտնեն»:

Նա նշեց, որ ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ քննարկել են այս թեման, ԱՀ նախագահի հետ ևս, բայց իրենք չենք խառնվում ՀՀ ներքին գործերին. «Եթե ճանաչեն, ուրախ ենք, եթե ոչ մենք միասին հաղթելու ենք, ՀՀ-ի հետ, սփյուռքի հետ: Արցախը կլինի անվտանգ, եթե ունենք կայուն Հայաստան և հզոր սփյուռք: Այսօրվա Արցախի Հանրապետության սահմանները գիտեք՝ գծված է մեր զոհված ազատամարտիկների արյան գույնով: Այդ գույնն ավելի մգացավ. ունենք նոր զոհվածներ, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի հերոսներ»:

Հարցին՝ արդյոք Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկե՞լ են ՀՀ ԱԺ-ի գործընկերների հետ, նա պատասխանեց. «23 տարի առաջ ես ԱՀ ԱԺ նախագահն էի, և այն ժամանակ էլ ՀՀ քաղաքական իշխանությունների հետ պայմանավորվածություն կար, որ պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ ԱԺ-ն ճանաչելու է Արցախի Հանրապետությունը: Մի հարց չկա ԱՀ նախագահի կողմից, ԱՀ ԱԺ-ի կողմից, կառավարության կողմից, որ մենք բարձրացրել ենք ՀՀ մեր գործընկերների մոտ և դրական լուծում ստացած չլինի: Ավելին, փակագծերը չենք բացում: ԱՀ անկախության ճանաչումը քննարկվել է 23, 25, 28 տարի առաջ, միայն մի բան ունեմ ասելու, որ ՀՀ ԱԺ-ն ԱՀ անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ»:

Նա փաստեց՝ հիմա ՀՀ ԱԺ-ում ընթանում են այդ քննարկումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ. «Քննարկվում է ոչ միայն Արցախի անկախության ճանաչման հարցը, այլև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասով, որտեղ հայ զինվորը գալիս է իրավական դաշտ, մի քանի փուլեր կան: Ասեմ, որ մենք ունենք ՀՀ ԱԺ-ի հետ կնքված միջխորհրդարանական համաձայնագրեր, և ՀՀ-ի ԱԺ-ում վերջերս կայացած հանդիպման ժամանակ ՀՀ դրոշի կողքին կար նաև Արցախի Հանրապետության դրոշը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930