Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ Գյումրու զինկոմիսարիատում՝ առանց լացուկոծի, ծափահարություններով ու ուրախ բացականչություններով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2020 20:40

Գյումրու զինվորական կոմիսարիատի բակում այսօր վաղ առավոտից կանգնելու տեղ չկար․ պատերազմ գնալու մեծ հերթեր էին գոյացել։ Հավաքվածների մի մասը զորակոչվել էին,  իսկ մյուսներն էլ ռազմաճակատ գնում էին կամավորական հիմունքներով։ Նրանց ճանապարհում էին երկարատև ծափահարություններով, մաղթանքներով, աղոթքներով։ Բազմամարդ տարածքում դժվար էր գտնել որևէ մեկին, որը կարտասվեր։ Հարազատները, անգամ երեխաները խրոխտ կեցվածքով էին։

Բանակից երկու ամիս առաջ վերադարձած Պատվական Առաքելյանը որպես կամավոր եկել էր ռազմաճակատ գնալու։ Նա նշեց, որ տնեցիներից գաղտնի է գնում։ «Գնում եմ բերեմ հաղթանակը, ցավոք սրտի, ես հանգիստ պայմաններում եմ ծառայել»,-ասաց Պատվականը։

Կամավորական էր գնում նաև մի երիտասարդ, որը ութ ամիս ՝ ինչ վերադարձել էր  բանակից։ Նրա ծնողները մեզ հետ զրույցում ասացին, որ եղբայրը ծառայության մեջ է, ինքն էլ գնում է միանա նրան։

Դավիթ Կարապետյանն էլ, որը ռազմաճակատ էր մեկնում՝ որպես հետախուզության սպա, շատ հանգիստ էր։ «Պիտի գնաս ուրախ, հանգիստ, առանց կաշկանդվելու, լավ է լինելու, եթե մերն է, պետք է պահպանվի, Աստված վերև,  մենք էլ  ներքևից կպահպանենք։ Տնեցիներին ասել եմ՝ հանգիստ լինեն, ավելորդ լարվածությունը միայն կխանգարի»,-ասաց սպան։

Նրան ճանապարհելու էր եկել մանկության ընկերը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, նիզականետորդ Մելիք Ջանոյանը։

Չեմպիոնն ասաց․ «Վատ եմ զգում, որ մեզանից տարիքով փոքրերն են սահմանը պահում, բայց ամեն վայրկյան պատրաստ եմ պատերազմ գնալու, առաջինը գծում լինելու, սահմանը պահպանելու։ Գտնում եմ, որ մեր ներկայությունը պարտադիր է, մենք պիտ դուխ տանք, մեր պապական հողերն են, թուրքը չկարծի՝ իր հողերն են ու չփորձի ներխուժել՝ ինքն իրեն խաբելով, թե հզոր է։ Մենք իրենցից տասնապատիկ հզոր ենք ու տասնապատիկ ավել պատասխան կտանք իրենց, թող բոլորը իմանան»,- ասաց չեմպիոնը։

Մաղաքյանների ընտանիքն էլ ճանապարհում էր 50-ամյա Արամայիս Մաղաքյանին։ Կրտսեր եղբայրը՝ Լևոն Մաղաքյանը, որը 48 տարեկան էր, նույնպես դիմել էր իրեն առաջնագիծ տանելու համար, սակայն մերժել էին առողջական խնդիրների պատճառով։ Եղբայրները 90-ական թվականներին ծառայել են Արցախում։

«Վարձկանն ինչ պիտի կռվի, մեր կռիվն արդար է, պիտի հաղթենք, ուրիշ տարբերակ չկա։ Հայը կկռվի իր հողի համար, իսկ վարձկանը  փողի համար, միանշանակ հաղթանակը մերն է։ Մենք զիջելու հող չունենք, հա մի գլուխ պտի վերցնենք մեր պապական հողերը»,-ասաց Լևոն Մաղաքյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930