«Դիրքային փոփոխություն, բնականաբար, եղել է՝ որոշակի դիրքային խորությամբ: Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել: Որոշ հատվածներում կորուստը վերականգնվել է: Ինտենսիվ մարտերն այս պահին էլ շարունակվում են»,-Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը ժամը 19:30-ի դրությամբ իրավիճակը ներկայացրեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա նշեց, որ հակառակորդն ունեցել է ժամանակավոր դիրքային հաջողություններ, եւ իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանի՝ տարածքային նվաճումների մասին լուրերը. «Իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր»: Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ տեխնիկական եւ մարտական ապահովվածության առումով հայկական կողմը խնդիր չունի, եւ այդ մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած լուրերը սուտ են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ