«Այս պահի դրությամբ մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով: Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են՝ ժամանակակից համազորային մարտին բնորոշ կերպով»,-Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը ժամը 19:30-ի դրությամբ իրավիճակը ներկայացրեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Նշված ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են համառ պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում՝ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների առաջխաղացման փորձերը՝ պատճառելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,-տեղեկացրեց Արթուր Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում արձանագրվել են հակառակորդի հետեւյալ կորուստները. «36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, ավելի քան 400 կորուստ անձնակազմից: Նախնական տվյալներով՝ ՊԲ ստորաբաժանումներն ունեն 58 զոհ, 200-ից ավելի վիրավորներ»:
Արթուր Սարգսյանը վստահեցրեց. «Երկօրյա համառ մարտերը չեն ընկճել մեր անձնակազմին, հակառակը՝ զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման փորձ: Անձնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է հասնել տրամաբանական հաղթանակին: Ամեն մեկս գիտակցում ենք, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ