Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։
Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, օգտագործում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ: Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի քաղաքացիական հայ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ Արցախի ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։ Հայ բնակչության ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, Ադրբեջանից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես 1990 թթ., այնպես էլ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչընդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ:
Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները։
Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է։ Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ։