Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններից քիչ անց կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ, ընդդիմադիր ուժեր, հանրային շրջանակների որոշ ներկայացուցիչներ արտահայտվում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին: Չկասկածելով նրանց ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա, այնուհանդերձ, այս պահին նման կարեւոր քայլից առաջ անհրաժեշտ է պարտադիր ծանրութեթեւ անել բոլոր ռիսկերը, բոլոր հետեւանքները:
Մասնավորապես, այս իրավիճակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում.
- Թուրքիային ակամա արհեստական խթան կնվիրենք հակամարտությանն ավելի բացահայտ միջամտելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
- Կկորցնենք այն շահեկան դիրքը, որ այսօր ունենք միջազգային հարթակում: Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ավելի ու ավելի ընկալելի է, իսկ ճանաչման դեպքում իրավիճակը գլխիվայր կշրջվի, կգործի բումերանգի էֆեկտը:
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, միջազգային այլ առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցներից հետո, առանց նրանց հետ այս հարցի քննարկման, մեղմ ասած, կարժանանանք չհասկացվածության։
- Մենք պարզապես դեմարշ կհայտարարենք Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին։
- Ռազմաճակատի գծում իրավիճակն անհամեմատ ավելի կթեժանա, իսկ մենք մեր ձեռքով ավելի կփոքրացնենք բանակցությունների տանող ճանապարհը: Ի վերջո մի պահից այդ բանակցությունները սկսվելու են:
Այլընտրանքային նախագծեր խումբ