Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի քանի օր էլ շարունակվեն այս ռազմական գործողությունները, ապա կարծում եմ, այո, ՀՀ-ն պետք է գնա ճանաչման՝ միջազգային դերակատարների հետ խորհրդակցելուց հետո». Արմեն Վարդանյան

Սեպտեմբեր 28,2020 19:45

«Եթե մի քանի օր էլ շարունակվեն այս ռազմական գործողությունները, Ադրբեջանը խելքի չգա, ապա կարծում եմ, այո, ՀՀ-ն պետք է գնա ճանաչման»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցին:

Նա հատուկ շեշտեց՝ դա պետք է անել անպայման միջազգային հանրության, միջազգային դերակատարների հետ խորհրդակցելուց հետո. այնպես չլինի, որ ՀՀ-ն ճանաչի, և դա նոր գլխացավանք դառնա Հայաստանի համար:

Հիշեցնենք՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու կոչերին՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հիշեցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  չի բացառել,  որ այդ հարցերը պետք է քննարկվեն և հայտարարեց. «Մենք ասել ենք, որ տավուշյան դեպքերից հետո այդ հարցն արդի է: Այս ամենն անվտանգային համատեքստում պետք է դիտարկել, բայց այս պահին առավել կարեւոր է Արցախի միջազգային ճանաչումը»:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում  կարծիք էր հայտնել, թե այդ հարցը օրակարգում կա, բայց պետք է սպասել, տեսնել առաջիկա օրերին ռազմի դաշտում ինչ է լինում:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ճանաչումը պետք է շատ լավ հաշվարկված քայլ լինի: Նա այս առիթով մանրամասնեց. «Նախկինում Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՀՀ-ն ճանաչի Արցախի Հանրապետությունը, ապա ինքը դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի  խմբի ձևաչափով տարվող բանակցություններից, և ըստ էության այդ ձևաչափը կփլուզվի: Այս տեսանկյունից Հայաստանը կարծես թե այդ հարցը պահում էր որպես իր վերջին փամփուշտը՝ այսպես պատկերավոր ասած և չէր գնում այդ քայլին: Հիմա, քանի որ իրավիճակ է փոխվել, և այլևս այդ բանակցային ձևաչափն այս պահին միայն ֆորմալ է գործում, Ադրբեջանը փորձում է հարցը լուծել ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ ռազմական, ապա միգուցե նաև ՀՀ-ն պետք է  լրջորեն դիտարկի Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցը: Սակայն ես կարծում եմ՝ սա անելուց առաջ պետք է մեր  դիվանագիտությունը, մեր երկրի ղեկավարությունը նաև նախապես հասկանան միջազգային դերակատարների կարծիքը, փորձեն նրանց տրամադրությունները շոշափել և հասկանալ, թե ինչ կհետևի այդ քայլին: Եվ միայն դրանից հետո, այո, միգուցե  պետք է ճանաչել Արցախի անկախությունը»:

Արմեն Վարդանյանը փաստեց, մանավանդ, երբ նայում ենք՝ չճանաչված պետությունների դեպքում մշտապես կոնֆլիկտի սրումից հետո են սկսվել ճանաչման գործընթացները ու նշեց. «Օրինակ՝ 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո Ռուսաստանում սկսվեց Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելու գործընթացը ՝որպես պատիժ Վրաստանին կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու փորձի մեջ: Պետք է շատ լավ հաշվարկվեն բոլոր հնարավոր հետևանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930