Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Գառնիկ Խլղաթյանը Կապանի պետական բժշկական քոլեջի ավարտական ՝ 4-րդ կուրսի ուսանող է եղել։ Ըստ քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանի, Գառնիկը բանակ պիտի զորակոչվեր ուսումը ավարտելուց հետո։ «Բայց անցած տարվա դեկտեմբերին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ։ Ասաց՝ ծառայեմ, կգամ՝ կսովորեմ մի կիսամյակ էլ, ու պետական քննությունները կհանձնեմ։ Ճակատագիր էր, երեւի ներքուստ զգում էր, որ հայրենիքը իր կարիքը կունենա»,–ասաց տիկին Սարգսյանը։
Գառնիկը ընտանիքի միակ զավակն էր, մոր խնամքին։ Հայրը շատ վաղուց ամուսնալուծվել էր։ Մայրը երկարամյա բուժքույր էր եւ Ջաբրաիլի զորամասում բուժքույր էր աշխատում։ Գառնիկը Օմարում էր ծառայում։ «Պատմում էր, որ մայրն է նրա մեջ սեր արթնացրել դեպի բուժական գործը, Գառնիկն էլ էր պատրաստակամ օգնել ցանկացածին»,–ասաց քոլեջի տնօրենը։
Կապանի պետական բժշկական քոլեջում ի հիշատակ զոհված զինվորի՝ երկուշաբթի մոմավառություն է կազմակերպվել, քոլեջի դասախոսներն ու ուսանողները կիսվեցին իրենց հուշերով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ