Լրահոս
Օրվա լրահոսը

100 տարի առաջ իր պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացրած Թուրքիան ներկայումս խրախուսում է Ադրբեջանին նույն ցեղասպանությունն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ Հարավային կովկասում. Աննա Նաղդալյան

Սեպտեմբեր 28,2020 19:25

«Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, անվտանգությանն ուղղված ջանքերը»,-այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով, դիվանագիտական ողջ ծառայությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Աննա Նաղդալյանի խոսքով, պաշտոնական Բաքուն  բախվելով միջազգային հանրության այդ միանշանակ դիրքորոշմանը, դիմել է իր ավանդական գործիքակազմին՝ այն է կեղծ լուրեր է տարածում՝ թե՛ հայկական կողմն առաջինն է եղել, որը նախաձեռնել է ռազմական գործողություններ. «Սա սովորական երեւույթ է եւ սրա պատճառն այն, որ պաշտոնական Բաքուն բախվեց միջազգային հանրության միակողմանի դատապարտմանը: Մենք ունենք փաստական անհերքելի տվյալներ՝ որ կողմն է սկսել մարտական գործողությունները»:

Աննա Նաղդալյանը նաեւ ասաց, որ երեկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ իր գործընկերների հետ, վարչապետը նույնպես իր մակարդակով իրականացրել է հեռախոսազրույցներ՝ միջազգային գործընկերների հետ: «Այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել, որպես մեկ անգամյա գործողություն, դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե՛ տեղում տիրող իրադրությունը թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու դրա վտանգները: Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, անվտանգությանն ուղղված ջանքերը»:

Աննա Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանը, տարիներ շարունակ, կոպտորեն խախտելով 1994-1995 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերը, հրաժարվելով Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված եւ Հայաստանի ու Արցախի կողմից ընդունված հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումից փաստում է, որ իր բոլոր գործողություները մինչ օրս ուղղված են եղել նման ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն. «Ադրբեջանը մշտապես ունեցել է պատերազմ սկսելու ծրագրեր»:

Ըստ նրա` Ադրբեջանի այս ագրեսիան Արցախի նկատմամբ ունի երկու առանձնահատկություն. «Նախ՝ Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիեւի մակարդակով հրապարակավ հրաժարում  է եղել խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրվել հարցը լուծել ռազմական ճանապարհով եւ երկրորդ՝ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական  եւ ռազմական ուղղակի աջակցությանը: Թուրքիան ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց այս անգամ մենք գործ ունենք տեղում թուրքական ռազմական ներկայությանը: Ադրբեջանցիների հետ կողք կողքին կռվում են թուրք փորձագետները, որոնք օգտագործում են թուրքական սպառազինություն՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր եւ ինքնաթիռներ: Մենք ունենք տեղեկություններ նաեւ Թուրքիայի կողմից Մերձավոր արեւելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման եւ Ադրբեջան տեղափոխման մասին եւ սրան գումարվում է նաեւ, որ թուրքական ղեկավարությունը լիարժեք քաղաքական եւ քարոզչական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական կողմին եւ այդ ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ»:

Աննա Նաղդալյանի խոսքով, հարյուր տարի առաջ իր պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացրած Թուրքիան, ներկայումս խրախուսում է Ադրբեջանին նույն ցեղասպանական գործողություններն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ Հարավային Կովկասում. «Պետք է նշեմ, որ Արցախի եւ Հայաստանի կարողությունները եւ վճռականությունն՝ հակադարձել այդ դաշինքին, աներեր է: Այստեղ խոսք է գնում իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության եւ կյանքի մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930