Ապրիլյան պատերազմին նահատակված գյումրեցի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, որ գլխավորում է «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը, մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան հեռախոսազանգեր է ստացել և՛ Մոսկվայից, և՛ Կրասնոդարից․ մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել անհապաղ վերադառնալ հայրենիք։ Հեռախոսազանգ հնչել է նաև Ախալքալակի մեր հայրենակիցներից, որոնք գյուղմթերք են հավաքել՝ ռազմաճակատ ուղարկելու։
«Որ ասում եմ մեր ժողովուրդը՝ 2000-ից ավելի մարդկանց խմբերի մասին է խոսքը։ Կրասնոդարից ուզում են ինքնաթիռներով գալ հայրենիք, պատրաստի ամեն ինչով, ասում են՝ մեզ զենքից բացի ոչինչ պետք չէ, գանք ու գնանք ռազմաճակատ։ Մոսկվայից փորձում են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ դեղորայք ուղարկել։ Իսկ Ախալքալաքի ժողովուրդը «ֆուռերով» առավոտյան զանգահարել էին ու ասում էին, որ կարտոֆիլ, կաղամբ, ցորեն, առաջին բուժօգնության պարագաներ, անվադողեր են հավաքել։ Ասում են՝ պիտի հասնի մաքսատուն ու գնա բանակին։ Ամբողջ Ախալքալաքը՝ ողջ համայնքի մեծությամբ, կանգնած է մեր թիկունքին։ Փորձում ենք ՊՆ-ի հետ ճշտել նաև այդ հարցերը, թե ինչպես կարող ենք մաքսազերծման խնդիր չունենալ։ Այսինքն` իրենք կարողանան բերել ու տրամադրել բանակին»,-ասաց Ժորա Աբգարյանը։
Նա նշում է, որ դրսում ապրող հայերին պիտի օգնել, որ տեղափոխվեն հայրենիք։
«Մեծ թվով մարդկանց մասին է խոսքը, բոլորն իրար հետ նույն տեղում են քնում՝ սպասելով՝ երբ պիտի լինի պահը, որ գան, էլ չգնան տուն, պատրաստի գան Հայաստան», ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Ժորա Աբգարյանը նաև նշեց, որ թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում ապաստանների հարց են լուծում, օրինակ՝ հյուրանոցներ, տարածքներ են վերցնում՝ ինչպես դրսից եկող հայերի համար, որոնք հնարավոր է գան հայրենիք՝ օգնելու, սակայն տուն չունենան, և՛ Արցախի բնակիչների, որոնք ժամանակավոր տարհանման կարիք ունենան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ