Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահի դրությամբ Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները:
«Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային եւ հարավային ուղղությունները: Այսօր առավոտյան մենք նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու եւ հրանետային միջոցների մեծաքանակ կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական ուժերը հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Րոպեներ առաջ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում ադրբեջանական ուժերը կորցրել են եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, որոնք հիմնականում տանկեր են: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ են, ընթանում են թեթեւ մարտեր»:
Ըստ պարոն Հովհաննիսյանի, հրետանու կիրառությունն օրվա ընթացքում բավականին մեծ էր. «Հրետակոծվել են հյուսիսային հատվածի բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը, հարակից բնակավայրերում նաեւ կրակի տակ են հայտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնենք: Այլ վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ եւ հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, մի մասն անգամ կրկին վերադարձել է մարտի դաշտ՝ կատարելու իրենց մարտական խնդիրները»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ