ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություններին: Այս մասին ասված է խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ՝ ես կցանկանայի փոխանցել անկեղծ մտահոգության և խորը մտահոգության զգացողությունները, որոնցով ինձ են դիմում մեր խորհրդարանական համայնքի իմ շատ գործընկերներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունների հետ, և որոնք ես լիովին կիսում եմ:
Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է, այն հղի է լայնածավալ ռազմական բախման վտանգով Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք հավասարապես մոտ են և՛ բարեկամական Ռուսաստանի, և՛ Համագործակցության մյուս երկրների համար»,- ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: «Այս կապակցությամբ ես կցանկանայի առաջին հերթին կողմերին կոչ անել անհապաղ դադարեցնել կրակը: Ցանկացած սրացում միայն կնշանակի նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, ինչը որևէ քաղաքական նկատառումներով արդարացված չէ:
Մենք պաշտպանում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչն Ադրբեջանին և Հայաստանին`անմիջապես դադարեցնել մարտերը և վերադառնալ բանակցություններին: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին՝ զերծ մնալ ցանկացած ձևով այս հակամարտությանը միջամտելուց՝ պաշտպանելով ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության կոչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթաց վերադառնալու անվերապահ առաջնահերթությունը։
Իբրև այս խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը, իհարկե, պատրաստ է այս դժվարին օրերին հնարավոր ամեն օգնություն տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ վիճահարույց խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում, այդ թվում՝ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները»,- ասել է Մատվիենկոն։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ