«Մայր Հայրենիք» կանանց համահայկական միության տիկնայք Հանրապետության հրապարակից քայլերթով գնացին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հանձնելու հայոց մայրերի բողոքը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կազմակերպված ագրեսիան կանխելու նպատակով:
Քայլերթից առաջ նախաձեռնության մի քանի անդամներ զրուցեցին Aravot.am-ի հետ:
Մարիամ Մանուկյան. «Սահմանում, նաեւ մեր հարազատ Արցախում հայ երիտասարդ զինվորներ եւ խաղաղ բնակչություն է զոհվում: Դա անթույլատրելի է: Որեւէ հայ մայր չի ցանկանում պատերազմ, չի ցանկանում, որ իր զավակը, իր տան ճրագը մարի: Բայց քանի որ պատերազմը սկսվել է, մենք չենք ուզում հուսաթափել մեր հայ զինվորին: Մենք հայ զինվորի կողքին ենք, նրա քաջ ոգին պաշտպանում ենք, մարտունակությունը առաջ ենք մղում, որպեսզի իրեն արժանի կռիվ տա թշնամուն:
Բայց նաեւ յուրաքանչյուր հայ ծնողի, մոր պարտքն է՝ կոչ անել միջազգային կառույցներին, որպեսզի աչալուրջ լինեն ադրբեջանաթուրքական այս վայրագությանը, մարդու իրավունքների կոպտագույն ու բացահայտ խախտումներին: Պատերազմը՝ պատերազմ է: Յուրաքանչյուրս մեր արդարությունն ունենք ու շուրջ 30 տարի պայքարում ենք այդ արդարությունը կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ այն կառույցները, որոնք իսկապես ճշմարտության եւ իրավունքի տեսանկյունից կկանգնեն ճիշտ դիրքորոշման կողմը, կկայացնեն արդար որոշում»:
Կարդացեք նաև
Սոսի Կեւոնյանը՝ ԱՄՆ-ից է, բայց երկար տարիներ բնակվում է Հայաստանում: «Մեր զինվորների համար ես ամեն զոհողության պատրաստ եմ: Նույնիսկ առաջին գիծ եմ ուզում գնալ, սակայն տարիքս նկատի առնելով` չեն թողնում: Այս նախաձեռնությանը մասնակցելով եմ ուզում աջակցել հայ զինվորին, որպեսզի գնանք վերջնական հաղթանակ: Թուրքը՝ թուրք է: Նա ուր էլ գնա, քանդիչ եւ ավերիչ է: Այս սանձազերծած պատերազմում էլ դա սպասելի էր: Եվ մենք հույսներս մեր վրա պիտի դնենք, այլ ոչ թե ուրիշ պետությունների, որովհետեւ պատմության ընթացքին մենք հույսներս ուրիշ պետությունների վրա ենք դրել ու միշտ հիասթափվել, վնաս ու կորուստ ենք կրել: Մենք պետք է մեր ուժերին վստահենք, պետք է միասնականություն լինի հայ ժողովրդի մեջ:
Մերի Պողոսյան. «Տարիներ շարունակ հայ կինը եղել է որպես մայրության չափանիշ: Մենք այսօր պարտավոր ենք ոչ միայն աղոթել: Պետք է ոտքի կանգնի ողջ հայ ազգը՝ մանուկ, մեծ, թե ծեր, որպեսզի մեր խոսքը հասցնենք միջազգային հանրությանը: Պետք է աչալուրջ լինենք եւ հետեւենք, թե ինչ է կատարվում մեր երկրում: Մենք ագրեսոր չենք, մենք չենք հրահրել պատերազմներ: Մենք մեր փոքրիկ տանն ենք: Մենք ոչ մի տեղ չունենք այստեղից գնալու, հետեւաբար, պիտի պայքարենք մեր տանը ապրելու մեր իրավունքի համար: Ես չեմ հասկանում՝ միայն այն բանի համար, որ հայ ենք, դատապարտված ենք մահվա՞ն: Ոչ ու կրկին ոչ: Ուզում եմ, որ աշխարհում սփռված հայությունը բոլոր միջոցներով աջակցի մեր բանակին, մեր զինվորներին: Իսկ մեր բարեկամ, եղբայր երկրները ուշադրությունը սեւեռեն, որպեսզի տեսնեն, թե իրականում ինչ է այստեղ կատարվում:
Մենք արդեն հոգնել ենք միայն բարոյական հաղթանակներից, որ որպես կանոն մեր ավագ սերունդները ժառանգում են մեզ: Հիմա ուզում ենք շոշափել մեր իսկական հաղթանակը եւ մեր սերունդներին թողնել իսկական ու թշնամուն պարտադրված իսկական խաղաղություն»:
Քայլերթի մասնակիցները նշեցին, որ կարող էին հարյուրավոր մայրերի ներգրավել, սակայն նկատի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, որոշել են սահմանափակվել փոքր խմբով: Նրանք քայլերթով հասան ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն այստեղ նրանց ասացին, որ շենքում աշխատող չկա, աշխատում են հեռավար, հետեւաբար, կանանց նամակը պաշտոնական որեւէ ներկայացուցիչ չի կարող վերցնել: Առաջարկվեց նամակը հանձնել շենքի պահպանությունն իրականացնող ծառայությանը, որոնք այն կփոխանցեն համապատասխան պաշտոնյային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ