ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց հարցին, թե ինչ օգնություն է գալիս ՌԴ-ից, որովհետեւ այդ մասին որոշ տեղեկություններ են հրապարակվել. «Լո՞ւրջ, ի՞նչ եք ասում: Հայաստանը ինչ զինտեխնիկա ունի, ձեռք է բերել տարբեր երկրներից, նաեւ՝ ՌԴ-ից՝ ներքին գներով, որովհետեւ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Դա տարածում են անիմաստ, երբ որ մենք նկատում ենք Թուրքիայի մասնակցությունը, ինչ-որ ուժեր դա անում են՝ փորձելով բալանսավորել ՌԴ-ի մասնակցությամբ: Չկա այդպիսի բան: Մենք այսօր անում ենք միայն Հայաստանի, Արցախի ՊԲ հնարավորություններն օգտագործելով: Ամբողջ ծանրությունը ռազմական գործողությունների իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը՝ Հայաստանից ներգրաված կամավորներով: Թուրքիայի մասնակցությունը ակնհայտ դառնում է, երբ ինքը հայտարարում է, որ եթե Հայաստանը Արցախին օգնի, մենք կմիջամտենք, եւ հիմա հայտարարում են, թե ՌԴ-ն է օգնում Հայաստանի հետ, ծիծաղելի է: Ռուսական բազան այստեղ է, ի՞նչ աջակցության մասին է խոսքը: Ռուսական բազան իր լիազորությունների շրջանակներում մարտական հերթափոխ է անում՝ իր բազայում: Հիմա հայ-ռուսական հարաբերություններում ինչ կա, դա արդեն Հայաստանի եւ Ռուսաստանի խնդիրն է, այնպես որ էդ տարածող մունդռիկներին ասեք, թող սսկվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ