«Ես համոզված եմ, այս պահի դրությամբ Ադրբեջանը, Թուրքիայի հրահրմամբ, օգտագործեց իր զինանոցի երեւի 70 տոկոսը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ ԱԺ-ում ե՛ւ աշխատակազմում, ե՛ւ պատգամավորների մեջ ծնողներ կան, որոնց երեխաները կամավորագրվել են. «Ծնողները անհանգստությունից ուզում են իրենց զավակներից գոնե մի հատ լուր ստանան, որովհետեւ այնուամենայնիվ կան զոհեր, կան շատ վիրավորներ, վարչապետն էլ նշեց, որ հակառակորդն ունի շատ ավելի մեծ կորուստներ…Մի դրվագ պատմեմ իմ զավակից. երբ որ ես անընդհատ օրվա մեջ ման էի գալիս, որ կապ ունենամ, երեկոյան հաջողվեց իրեն տեղյակ պահել, որ գոնե ինչ-որ ձեւ կապ հաստատվի, մայրն է, ես եմ, ինքն էլ նամակ՝ sms էր ուղարկել, որ հայրիկը թող զբաղվի մամայի անհանգստությունը մեղմելով: Այսինքն, մենք մեր ընկերներով խնդիր ունենք, թողեք, սա շատ կարեւոր բան էր»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «թու-թու-թու», մենք ունենք հաջողություններ ու պետք է հաղթանակն ամրագրենք ու հակառակորդին հիշեցնենք, որ զինադադարն ունեցել է եռակողմ պայմանագիր:
Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ըստ Քոչարյանի, դա օրակարգում կա, բայց պետք է սպասել, տեսնել առաջիկա օրերին ռազմի դաշտում ինչ է լինում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ