«ՀՀ-ն երբեք ռազմական դրություն չի հայտարարել պատերազմի ողջ ընթացում ու ես դա համարում եմ պատմության ամենակարեւոր դրսեւորումը՝ պետության կողմից իրականացված: Եթե այդպիսի քայլեր լինեին ապրիլյան պատերազմում, մենք այլ պատկեր կունենայինք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Թե ինչ նկատի ուներ՝ նա պարզաբանեց. «Ռազմական դրություն՝ նշանակում է, որ պետությունն ընդունում է մարտը եւ մենք պետք է հասնենք վերջակետին: Դուք հիմա ինձ ստիպում եք ասել, թե ապրիլյանի վերջակետն ինչով ավարտվեր, այ սա ցույց տվեց վերջակետի չօգտագործված հնարավորությունը»:
Ի դեպ, ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի այն ժամանակ, երբ ներկայիս իրավիճակը փոխվի, որովհետեւ այն չպետք է խանգարի բանակին, բայց այն պատրաստ է:
Նա ասաց, որ առավոտյան Ասկերան-Մարտունի հատման հատվածում հակառակորդը տվել է մարդկային ու տեխնիկայի կորուստ, մենք հաջողություններ ենք արձանագրել Ջաբրայիլի ուղղությամբ, որտեղ մենք ունեցել ենք դիրքային կորուստներ. «Մենք համահայկական մեծ մոբիլիզացիա ունենք, հակառակորդը, որ սա սկսում էր, հաշվի չի առել՝ Հայաստանն ունի կերտած հաղթանակներ, որի հիշողությունը չի մարել: Եվ այստեղ միայն բանակի խնդիրը չի, իրենք մեզ ստիպեցին բանակի կարողությունների ուժեղացման տեմպը հզորացվի…Մենք տեսանք, որ Ադրբեջանի մի շարք դիրքերում շատ նոր ձեռք բերված տեխնիկական միջոցները թողեցին ու փախան: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմութունը երեկ ցուցաբերեցին անկեղծ մոտեցում հայրենիքին ու նրա անվտանգությանը: Երեկ պատմական օր էր, անկեղծ էր ու այդ որոշումները այսօր սպասարկվում են: Բացի որոշ հիվանդացած մունդռիկներից, լրատվական կառույցները գիտակցել են պահի լրջությունը հասկացել են մի բան՝ մենք հաղթում ենք՝ ապրելու համար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ հանրության շրջանում այսպիսի հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ