«Վիրավորների թվում երկու եզդի զինծառայողներ են, մեկը՝ ծանր վիճակում, մյուսը՝ միջին ծանրության»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Երեկ սրբատեղիում մենք եզդիներով ձեւավորել ենք եզդիական ջոկատ եւ պատրաստ ենք այսօր մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը: Այնպես, ինչպես արվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Եզդիները թույլ չեն տա, որ այս հողում երբեւէ թշնամիներ հայտնվեն, մենք արյան գնով ենք պայքարել այս հողի համար»,-նշեց Ռուստամ Բաքոյանը:
Նա շեշտեց, որ երեկվանից դեռեւս շատ եզդիներ արդեն Արցախում են եղել. «Արցախում անվտանգության գոտին պետք է ընդլայնենք: Միակ ճանապարհը դա է, եւ թշնամին պետք է դա իմանա: Ի տարբերություն Ադրբեջանի, որն իր փոքրամասնություններին ստիպելով մղում է առաջնագիծ, եւ իրենց կորուստների 70%-ն ազգային փոքրամասնություններ են, Հայաստանում եզդիներն ինքնակամ ուզում են պաշտպանել հայրենիքը: Հաղթելու ենք ու հաղթում ենք»:
Կարդացեք նաև
Պատգամավորները Բաքոյանի ելույթի ավարտին ծափեր հնչեցրին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց՝ սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցով: Հայտարարությունն ընդունվեց միաձայն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ