Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում կարծում են՝ ղարաբաղյան հակամարտության սրման մեղավորներին փնտրելու ժամանակը չէ

Սեպտեմբեր 28,2020 15:07

Կրեմլում կարծում են, որ այժմ ժամանակը չէ պարզելու, թե ով է մեղավոր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման համար, այլ ավելի կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և, իհարկե, կարգավորման գործընթացում խաղում է միջնորդի դեր, և միջնորդելու իր պատրաստակամությունը շեշտել է տարբեր մակարդակներով։ Այժմ շատ կարևոր է առաջին հերթին դադարեցնել ռազմական գործողությունները և ոչ թե պարզել, թե ով է մեղավոր։  Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս օգտագործել իր ազդեցությունն ու ավանդաբար լավ հարաբերություններ պահպանել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ այս հակամարտությունը լուծելու համար», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև նշել է, որ Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական ​​հարթակ։

Ըստ Պեսկովի՝  իրավիճակը շփման գծում Ռուսաստանի եւ այլ երկրների համար «լուրջ անհանգստության առիթ է դարձել»:

«Իրավիճակի սրման առաջին պահերից Արտաքին գործերի նախարար Լավրովը կապի մեջ էր ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի գործընկերների հետ: Բացի այդ, հայկական կողմի նախաձեռնությամբ, Պուտինը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի հետ», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը և միաժամանակ բացառել այն տարբերակը, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կանխամտածված հրահրվում է Ռուսաստանի վրա որևէ ազդեցություն ունենալու համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930