Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, որ հիմա ապրիլյան պատերազմի ժամանակվա դոսյեները պետք է հանվեն». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 28,2020 15:03

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ ինքը առավոտվա 8-ից նամակներ է գրում միջազգային կառույցներին: Այսօր ԱԺ-ում Մարուքյանին հարցրեցինք՝ կարո՞ղ է ձեր նամակները տեղ չեն հասնում՝ հաշվի առնելով միջազգային հանրության լղոզված արձագանքները ու հավասարության նշան դնելը, ի՞նչ արձագանքներ եք ստացել այդ նամակներին: Նա պատասխանեց. «Մեր նամակները տեղ են հասնում: Հուլիսյանի ժամանակ էլ են տեղ հասել՝ ատոմակայանի վրա հարձակման հետ կապված: Բայց սա ուրիշ աշխարհ է, այս աշխարհը այն մարդու իրավունքների աշխարհը չի, սա ուժեղների աշխարհ է ու աշխարհը հետեւում է՝ որ ազգը կարողանում էիր հողի վրա իր կյանքի իրավունքը, ինքնասիրությունը պաշտպանել, նրան էլ հարգում են: Ով չի կարողանում, ասում են՝ դե հիմա այդպես ստացվեց, ոչինչ, հետո լավ կլինի: Հիմա ի՞նչ պետք է անել՝ մեր իրավունքները պաշտպանել, ինչն էլ հենց հիմա անում ենք: Միեւնույն ժամանակ չեմ ուզում թերագնահատել այդ նամակների դերը: Դա միջազգային, այսպես ասած, սոուս է ստեղծում: Առաջինը՝ հաստատված փաստ է, որ առաջինը Ադրբեջանն է սկսել, առաջ ասում էին՝ կողմերն իրար վրա են գցում: Սա ի՞նչ է՝ միջազգային դիվանագիտական աշխատանքի արդյունք է»:

Մարուքյանը նաեւ նշեց, որ միջազգային փորձագիտական մակարդակում արձանագրված է, որ Ադրբեջանն է սադրանքի դիմել ու սկսել: Նա ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ կապված փաթեթը պետք է նորից հանել մեջտեղ. «Փաստաթղթավորված այդ պրոցեսը, որ մեր ձեռքին կարող էր զենք դառնալ, այդպես էլ առաջ չգնաց ու դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանի ռազմական հանցագործ էլիտան այդպես էլ շարունակում է իրեն անպատիժ զգալ, մենք իրավական որեւէ պրոցես չսկսեցինք: ՄԻԵԴ գործեր մուտքագրվեցին, որոնք անհատական մակարդակում էին, զոհերի հարազատների դիմումներն էին՝ իրավապաշտպանների աջակցությամբ, բայց պետական մակարդակով այդ իրողությունը չօգտագործեցինք: Եթե այսօր էլ անհետեւողականորեն լինենք, կշարունակվի նույնը: Ես կարծում եմ, որ հիմա ապրիլյան պատերազմի ժամանակվա դոսյեները պետք է հանվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930