Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայից տեղափոխված թուրքական ստորաբաժանումներ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին շրջանում Թուրքիան մոտ 4 հազար գրոհային է տեղափոխել Ադրբեջան Սիրիայից․․․ Նրանց նախապատրաստում են գրոհայինների ճամբարներում»,- պարզաբանել է դեսպանն ու հավելել, որ այդ խմբավորումների ազգային պատկանելիությունը շատ դժվար է որոշել։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Երևանը դիմելու է ՀԱՊԿ-ի օգնությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, Վարդան Տողանյանը նշել է, որ նման պլաններ օրակարգում չկան։ «Մեր կառավարության օրակարգում նման պլաններ չկան»,- ասել է դեսպանը։
Դիվանագետը միաժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարող է կանգնեցնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում։
Կարդացեք նաև
«Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել․․․ Այսօր Ռուսաստանը նույնպես շահագրգռված է և հեռախոսազրույցներ է ունեցել արտգործնախարարի և նախագահի մակարդակով ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Ես հույս ունեմ, որ Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել այս պատերազմը և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Վարդան Տողանյանը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ