«Այս պատերազմն անկանխատեսելի չէր, այս պատերազմն ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունն է, եւ այն իշխանությունը, որը մեզ հաթաթա էր տալիս, թե ուզում եք էլի՞ մարդիկ զոհվեն, երբ խոսում էինք կորցրած տարածքների մասին, կուզենայի, որ պատասխան տային այսօրվա զոհերի համար, որովհետեւ մենք այն պատերազմը չավարտեցինք, որի համար ստացանք շատ ավելի մեծ ու լայնամասշտաբ պատերազմ»,-այսօր «Տեսակետ»ակումբում նման կարծիք հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով, պետք է այս պատերազմը հասցնել ավարտին՝ այնպիսի դիրքերով ու գերիշխող բարձունքներով, որ միառժամանակ 90 տոկոսով բացառվի պատերազմը, չլինի անակնկալ պատերազմ:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն էլ նկատեց, որ հայկական կողմը դեռ չի կիրառում այն զենքերը, որը պետք է կիրառեր: Ըստ նրա՝ ստրատեգիական նշանակության զենքերը հայկական կողմը պահում է ոչ թե շատ զոհ տալու համար, այլ հասկանալու, թե հակառակորդն ինչքան թուրքական ուժեր ու զինտեխնիկա է օգտագործում:
«Դժվար է գնահատել իրավիճակը, ադրբեջանցիները ողջ գիշեր շարունակել են գործողությունները՝ կիրառելով նույն զենքերը, բացի անօդաչու սարքերից, որոնց թիվը շատ է մեծացել, նույնիսկ հաշվարկների մեջ չի մտնում, բայց մենք հայտնաբերել ենք գիշերային պայմաններում, եւ մեր մարտերն ավելի հաջող են ընթացել: Որոշակի դիրքեր վերականգնել ենք, բայց այդ դիրքային առավելություններն այս պատերազմում չես կարող ասել, թե այս դիրքի կորուստը կամ այն դիրքի վերանվաճումն ինչ խնդիր է լուծում, երբ հրթիռահրետանային ու օդուժի ամբողջ համակարգով պարտերազմ է, մանավանդ, որ կռիվն ընթանում է նաեւ թիկունքում: Հակառակորդը գիտի՝ որտեղ են ճնշման բոլոր օբյեկտները, իհարկե, իրենց իմանալն էլ քիչ է, որովհետեւ չգիտեն մեր մտադրությունները »,- ասաց գեներալը:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ, իրավիճակը լարված է եւ այն չի խոսում որեւէ մեկի օգտին, խոսում է հոգեբանական կողմի մեր առավելության մասին. «Արցախում ոգին շատ բարձր մակարդակում է, երեկ մի քանի զինկոմիսարիատներում եղա, ջրով, դհոլ զուռնայով են ճանապարհում: Այս սերունդը չի գնում, որ կրակի բաժին դառնա, այլ գնում է հերոսաբար, գիտի իր տեղն ու դերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ