«Ես այս պահին զբաղվում եմ կոնկրետ մի շարք կազմակերպչական հարցերով, որոնք կապված կլինեն այնտեղ սնունդ հասցնելու հետ, փաթեթավորելու եւ այլնի հետ, նաեւ մի շարք գործողություններ՝ կրթության հետ կապված, այսինքն, այն ամենը, ինչ հնարավոր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Ֆեյսբուքում, սոցցանցերում նախաձեռնություններ ենք տեսնում, որտեղ խնդրում են օգտատերերին իրենց բնակարաններում տեղավորել արցախահայությանը, այսինքն, պետությունը հոգ չի՞ տանում այս հարցերի մասին, թե՞ դրանք զուտ բարի կամքի դրսեւորումներ են ու դրանց կարիքը չկա՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Իրականում դրա կարիքը չկա, որովհետեւ տարհանման խնդիր մենք չունենք այս պահին: Միեւնույն ժամանակ արցախահայությանը շատ դժվար է դուրս բերել, երբ մենք անգամ երեխաներին առաջարկում ենք տեղավորել, դեմ են: Այն ընտանիքները, որոնք ուղղակիորեն իրենք են դուրս եկել, այս ընտանիքների համար է, որ զուտ տեղավորումներ են, որպեսզի չմնան դուրսը: Մնացած առումով տարհանում չկա:
Շատ բարդ է հանել: Անգամ հղի կին կա, որը մի քանի օրից պետք է ծննդաբերի, ես խնդրում եմ իրեն, որ գա Հայաստան, գոնե այստեղ ծննդաբերի, վերադառնա, բարդ է, ինքը համառորեն պնդում է՝ ոչ, իմ երեխան պետք է ծնվի Արցախի հողում:
Սա շատ կարեւոր պահ է, զինվորի թիկունքն ամուր է բնակիչներով: Բնակիչները բոլորը մեկ մարդու նման պայքարում են ու կամավորագրված են: Իսկ նախաձեռնություններից շատերը նրա համար են, որ եթե Աստված մի արասցե, պետք լինի, մենք պատրաստ լինենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ