Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ-ն արտահերթ նիստ է անում

Սեպտեմբեր 28,2020 13:36

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում՝ սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցով:

Հարցի զեկուցող, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, մինչեւ հայտարարությունն ընթերցելը, տեղեկացրեց, որ այն գրել են երեք խմբակցությունների պատգամավորները:

Հայտարարությունում, ինչպես նշեց Միրզոյանը, մասնավորապես ասվում է. «ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ լայնածավալ հարձակումը, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների հանդեպ ոչ ընտրողական հարձակումները, մշտական ռազմատենչ եւ հայատյաց հռետորաբանությունը մեկ անգամ էլ փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի, Հայաստանի, տարածաշրջանի անվտանգությանը: Ուստի հայկական զինուժի ինքնապաշտպանական գործողություններն ուղղված են այս վտանգը չեզոքացնելուն»:

Հայտարարությունում շեշտվում է, որ Ադրբեջանի արկածախնդրությունն իրականացվում է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ինչը եւս միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին. «Պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացրած ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ: Հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց, միաժամանակ, չի վարանի ձեռնարկել միջոցները՝ պաշտպանելու արցախահայության անվտանգությունը»:

Հավելենք, որ պատգամավորները հանդես կգան ելույթներով, ինչից հետո քվեարկության կդրվի հայտարարությունը միաձայն ընդունելու մասին հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930