Ermenihaber.am. Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան ու հաղորդավար Ջան Աթաքլըն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական պատերազմին՝ նշելով, որ ըստ իր նկատածի՝ թուրքական իշխանությունները մի նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունեն։
«Հանրության զգալի մասն աջակցում է այդպիսի քայլերին, նրանց շատ է դուր գալիս: Սակայն Թուրքիան չպետք է թույլ տա ևս մի ռազմաճակատի ստեղծում: Այժմ հնարավոր է հաղթանակի ճիչեր են արձակվում, սակայն որոշ ժամանակ անց սկսելու են այսպիսի խոստովանություններ անել՝ «Սխալ արեցինք, երանի չխրվեինք»: Չպետք է կրկին ուշ լինի»:
Ջան Աթաքլըն անընդունելի է համարում Թուրքիայի ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում։
«Հարցազրույցները, հայտարարությունները, խիստ քննադատությունները այս պահին կարող են հանրության համակրանքին արժանանալ, բայց ներկայիս պայմաններում Թուրքիան չպետք է ակտիվորեն ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»: