Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Մենք պետք է հնարավորինս ավելի լավ պատրաստ լինենք պատերազմի: Այս վիճակում, երբ ադրբեջանցիները նորից սկսեցին հարձակումը, հայ զինվորները ցույց տվեցին իրենց հոգու տոկունությունը, ցույց տվեցին, որ հայ զինվորը կամ հաղթում է, կամ մեռնում: Այ, դա է իսկական զինվորի կերպարը, որ մենք կարողացել ենք ստեղծել այս 30 տարիների ընթացքում՝ անկախ բացթողումներից, սխալներից: Մենք ստեղծել ենք այն զինվորի կերպարը, որը ժամանակին կռվել է Հռոմի դեմ, Ասորեստանի դեմ, խեթերի հետ է պատերազմել: Եվ այդ զինվորի կերպարը մենք այսօր հետ ենք բերում:
Հիմա զորահավաք է հայտարարված: Գիտե՞ք, քանի հազար մարդ է ցուցակագրվում: Հայ տղամարդը պատերազմից չի վախենում: Մենք սովորեցինք, դարձանք պրոֆեսիոնալ պատերազմող: Այսօր Ամերիկայից, Ղազախստանից, Աբխազիայից, այլ վայրերից խմբերը պատրաստ՝ զանգում են, սպասում գալու եւ այս ազատամարտին մասնակցելու: Ալիեւը արեց մի կարեւոր գործ՝ նորից ցույց տվեց, որ իրենք չեն կարող հաղթել, իսկ մենք կայացած, իսկական զինվորականություն ունենք, որն ուզածդ ժամանակ կարող է ջախջախել հակառակորդին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ