Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան․ «Այս պահին հակառակորդը խփում է Մարտակերտ քաղաքին»

Սեպտեմբեր 28,2020 11:55

Ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի կողմերում, հայկական կողմին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, սակայն հակառակորդը չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհ իրականացնել, որոնք հետ են մղվել։

Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղ առավոտյան հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում նաեւ հրանետեր, վերսկսել է հարձակվողական գործողությունները․ «Մեր զինված ուժերը այս պահին վարում են համառ, հերոսական մարտեր»։

Այս պահն էլ հակառակորդը, ինչպես ասաց ՊՆ ներկայացուցիչը, թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը․ «Այս պահին խփում են Մարտակերտ քաղաքին»։

Պարոն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական լուրերը, թե հայկական կողմ ունի հարյուրավոր զոհեր․«Ունենք մոտ երկու հարյուր վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երեւան, նրանք պատշաճ վերահսկողության ներքո են, մեր առողջապահական համակարգը ոտքի վրա է»։

Ադրբեջանցիների դիերի վերադարձնելու մասին հարցին ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը նման խնդրով չի դիմել, ադրբեջանական կողմից մի քանի տասնյակ դիեր կան մեր կողմում թողնված։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի՝ մեր կողմում գերության մեջ գտնվելուն, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի կան շատ դիեր՝ որեւէ բան հաստատել կամ հերքել չի կարող։

Հարցին՝ երբ է հնարավոր կիրառել «Իսկանդեր» զինատեսակը, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն չի կարելի հայտնել, դա ռազմական մարտավարություն է․ «Երբ լինի անհրաժեշտություն՝ կկիրառվի»։

Հազարավոր կամավորներ են դիմում՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, սակայն պարոն Հովհաննիսյանը հորդորեց կամավորներին դիմել զինկոմիսարիատներ, որպեսզի աշխատանքը համակարգված լինի, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը խանգարելու է, ուստի ճիշտ կլինի զինկոմիսարիատներին դիմել եւ երբ անհրաժեշտ լինի՝ զորահավաքի կանոններով համակարգվի այդ աշխատանքը։

«Բնակչության մասսայական տեղահանում չկա, նման բան չի կատարվում»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաեւ հորդորեց հնարավորինս քիչ զանգել կամ չզանգել Արցախ՝ զինծառայողներին․ «Այդ սովորույթը խանգարում է կառավարման համակարգն իրականացնել, խանգարում է ցանցերին, դրանք գերծանրաբեռնված են։ Երբ փորձում եք զանգել զինծառայողին, իրենք եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն․ անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիների միջոցով թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք, հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը թույլ կտա ցանցերին արդյունավետ աշխատել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930