Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիայի կողմից հազարավոր գրոհայինների Ադրբեջան տեղափոխելու մասին ավելի վաղ էր հայտնի դարձել». Արմեն Պետրոսյան

Սեպտեմբեր 28,2020 11:04

«Այն, որ Թուրքիան մի քանի հազար գրոհայինների է տեղափոխել Ադրբեջան, այդ մասին առնվազն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ահազանգել են միաժամանակ տարածաշրջանային մի քանի աղբյուրներ, հիմնականում` քրդական, սիրիական, լիբանանյան եւ այլն: Փաստացի, Թուրքիայի այս գործելաոճը նաեւ հաստատվեց սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի միջոցով»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունները, թե Թուրքիայի միջոցով Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինները եւս երեկ հակառակորդի զոհերի թվում են եղել, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա բնորոշմամբ. «Նախապես բավականաչափ մանրակրկիտ ծրագրված հարձակման ընթացքում հակառակորդը կարծես չի խնայել զինտեխնիկան եւ մարդկային կյանքերը։ Եվ նման հարձակողական բնույթի ռազմագործողությունների հարցում Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել՝ առաջնագծի կրակի տակ են ուղարկվում առավելապես Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինյալները եւ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները: Ինչպես հայտնի է, հակառակորդը մի քանի հարյուր կորուստ ունի. այդ թիվը, բնականաբար, նաև շեշտակի կերպով աճելու է, եւ նման քանակի կորուստները թաքցնելը բավականաչափ բարդ է լինելու։ Հետեւաբար, այսպիսի սցենարի տրամաբանության համաձայն՝ հակառակորդը նախընտրում է առաջնագիծ ուղարկել զինյալներին, որոնց կորուստները բարձրաձայնելու անհրաժեշտություն չի ունենալու, քանի որ նրանց մասին պարզապես հետաքրքրվողներ չեն լինելու»:

Արմեն Պետրոսյանը շեշտեց, որ վերջին մի քանի տարում Թուրքիան հատկապես Սիրիայի հյուսիսում եւ Սիրիային սահմանամերձ որոշ շրջաններում իր կողմից հովանավորվող խմբավորումների վերահսկողության գոտիներում հիմնել էր զինյալների ճամբարներ, որոնք օգտագործվում էին նաեւ Սիրիայի ներսում՝ տարբեր խնդիրներ լուծելու համար. «Սիրիական հակամարտության տարբեր փուլերում մի շարք խմբավորումներ օգտագործվում էին Թուրքիայի շահերի պաշտպանության նպատակով: Ընթացիկ տարվա սկզբից Թուրքիայի կողմից այդ խմբավորումներից ակտիվորեն զինյալներ էին տեղափոխվում Լիբիա, որտեղ եւս տարաբնույթ խնդիրներ էին լուծվում նրանց միջոցով՝ աջակցելով լիբիական հակամարտության կողմերից մեկին՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերին: Իսկ վերջին մի քանի շաբաթներին, երբ ակնհայտ էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նոր սադրանք է նախապատրաստում Արցախի դեմ, նշված խմբավորումների հազարավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվեցին Ադրբեջան: Տրամաբանությունը շատ պարզ է՝ հաշվի առնելով Սիրիայում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, այս փոխգործակցությունը բավականաչափ տարածված է սիրիացիների շրջանում: Պատկառելի աշխատավարձի դիմաց Սիրիայի տարբեր շրջաններից հազարավոր մարդիկ ընդունում են Թուրքիայի առաջարկն ու տեղափոխվում Անկարայի շահերի գոտի հանդիսացող հակամարտության գոտիներ, հագնում են տվյալ երկրի զինված ուժերի համազգեստն ու մասնակցում ակտիվ ռազմական գործողություններին, եւ նրանց մեծ մասը մղվում են դեպի ռազմաճակատի ամենաթեժ գոտիներ ու սպանվում, եւ այդ կորուստների մասին բարձրաձայնելու կամ հրապարակելու անհրաժեշտություն էլ չի լինում, որովհետեւ նրանցով չեն հետաքրքրվում»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ միանշանակ է, որ նախորդ օրը կատարվածը թուրք-ադրբեջանական հերթական համատեղ ռազմական գործողություն է, որում բավականին էական են Թուրքիայի շահերն ու հետաքրքրությունները. «Սրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ վերջին մի քանի շաբաթներին Թուրքիան ակնհայտորեն թուլացրեց ակտիվությունն Արեւելյան Միջերկրականում, որպեսզի հիմնական ջանքերը գործադրի Հարավային Կովկասում: Այսինքն, կարելի է համարել նաեւ, որ Ադրբեջանը եւս տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Թուրքիայի շահերը սպասարկող պրոքսի-պետություն, որն անհրաժեշտության դեպքում ակտիվանում է՝ նաև լուծելու Անկարայի այս կամ այն խնդիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930