Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ

Սեպտեմբեր 28,2020 12:30

Կոմպոզիտորի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը մանրամասնում է, թե ինչ է հետաքրքրում իրենց այցելուներին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակութասեր հանրությանը հանդես է գալիս ոչ միայն հայտնի ծրագրերով, համերգաշարերով, այլեւ իր նոր նախագծերով:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի այն մշակութային օջախներից է, որտեղ մշտապես կազմակերպվում են համերգներ, հուշ-երեկոներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, գիտաժողովներ, մրցույթներ, փառատոներ, տարբեր թեմատիկ ժամանակավոր ցուցադրություններ եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը նշեց, որ վերաբացումից ի վեր թանգարանը գործել է ակտիվ աշխատանքային գրաֆիկով, չնայած նրան, որ համավարակով պայմանավորված մի քանի ամիս աշխատել է միայն առցանց հարթակում։ Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս նոր նախագծերով:

«Առաջին ուրախալի եւ կարեւոր իրադարձությունը տուն-թանգարանի Կրթական ծրագրերի սրահի բացումն է. սեպտեմբերի 1-ին հենց այս սրահում փոքրիկ այցելուների համար անցկացվեց առաջին կրթական ծրագիրը: Տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի կողմից սիրված եւ պահանջված «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում», «Ինչպես են ստեղծվում երաժշտական գործիքները», «Ճամփորդենք Խաչատրյանի հետ», «Ճանաչենք երաժշտական ժանրերը», «Հնչյուններ եւ գույներ», «Բալետի աշխարհում», «Մեր Խաչատրյանը», «Դպրոցին հյուր» կրթական ծրագրերի շարքը կլրացնեն նոր նախագծերը՝ «Լեզուներ եւ մշակույթ», «Երաժշտական կինոթատրոն», «Երաժշտական վիկտորինա», «Երաժշտական խաչբառ» եւ այլն»,-նշեց Լենա Միսակյանը:

Հավելեց, որ վերսկսվել են նաեւ համերգները, օրերս էլ կայացել են Բեթհովենի 250-ամյակին նվիրված «Դաշնամուրի եւ ջութակի տասը սոնատները» համերգաշարի հերթական երեկոն եւ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված համերգը, առջեւում՝ Եվրոպական ժառանգության օրերն են եւ սեպտեմբերի 26-ին, 27-ին ծրագրերը կիրականացվեն առցանց հարթակում: Նախատեսվում են մի քանի առցանց կրթական ծրագրեր եւ ֆիլմ-դիտումներ: Սեպտեմբերի 29-ին նախատեսվում է Աննա Սարաջեւայի 100-ամյակին նվիրված համերգը:

Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները եւս հագեցած են տարատեսակ միջոցառումներով: Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված Երաժշտության միջազգային օրվան: Առաջիկայում կտոնենք Էմին Խաչատրյանի եւ Կարեն Խաչատրյանի հոբելյանները: Իսկ նոյեմբեր ամսին տեղի կունենա գիտաժողով՝ «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով: Այս եւ այլ միջոցառումների մասին կարելի է ստանալ տեղեկություն՝ այցելելով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Հարցին, թե ի՞նչ այլ փոփոխություններ եւ նորություններ կան թանգարանում, Լենա Միսակյանը պատասխանեց. «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր գործունեությունը ծավալում է արդի պահանջներին համընթաց: Մեր այցելուն տարբեր բջջային հավելվածների, հպէկրանային սարքավորումների միջոցով այսօր հնարավորություն ունի ծանոթանալու Արամ Խաչատրյանի կյանքին վերաբերող լուսանկարներին, ունկնդրելու կոմպոզիտորի ստեղծագործությունների՝ ճանաչված երաժիշտ-կատարողների, նվագախմբերի տարբեր կատարումներ, ծանոթանալ նրա թատերական ներկայացումների եւ գեղարվեստական ֆիլմերի համար գրված երաժշտությանը: Տուն-թանգարանի առանձնատան հատվածը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում, որտեղ այժմ ցուցասրահներն են եւ համերգասրահը, պահպանվել է նաեւ ներքին բակը, որն այժմ դարձել է գեղեցիկ այգի եւ սիրելի ժամանցի վայր մեր այցելուների համար»։

Այցելուների մասին էլ խոսեցինք: Մեր զրուցակիցը հայտնեց՝ քանի որ Խաչատրյանը միջազգային ճանաչում ունեցող անձ է, հանրահռչակ կոմպոզիտոր եւ դիրիժոր, այդ իսկ պատճառով երբեք չի դադարում օտարերկյա այցելուների եւ հայրենակիցների հոսքը տուն-թանգարան. «Ցավոք, համաճարակով պայմանավորված, տուն-թանգարանը դադարեցրել էր իր գործունեությունը եւ կենդանի շփումը այցելուների հետ, սակայն երբեք չդադարեցինք աշխատել առցանց եւ ուրախացնել բոլոր մշակութասերներին՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս, տարատեսակ կրթական, ժամանցային ծրագրերով, ֆիլմ-դիտումներով, առցանց մրցույթներով եւ ցուցահանդեսներով: Բարեբախտաբար, այսօր արդեն աստիճանաբար վերականգնվում է մեր գործունեության բնականոն ռիթմը»։

Հաջորդ հարցին, թե ի՞նչն է ամենից շատ օտարերկրյա այցելուներին գրավում, Լենա Միսակյանը պատասխանեց. «Մեծ պատիվ է աշխատել հանրահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում, որին ամբողջ աշխարհն է ճանաչում, իսկ նրա ստեղծագործությունները հնչում են ոչ միայն աշխարհի ամենահայտնի եւ ոչ այնքան հայտնի համերգասրահներում, այլ նաեւ կարող ենք ունկնդրել այդ ստեղծագործությունները տարբեր հոլիվուդյան, հայրենական արտադրանքի ֆիլմերում, դիսնեյան մուլտֆիլմերում եւ այլն: Օրարերկրյա այցելուների կողմից հաճախ տրվող հարցերից են՝ «Որքա՞ն է ապրել Արամ Խաչատրյանը Հայաստանում», «20-րդ դարի ի՞նչ հայտնի մարդկանց է հանդիպել», «Հանդիպե՞լ է, արդյոք, Սալվադոր Դալիի հետ: Վերջինիս պատասխանը միանշանակ՝ «ոչ» է, քանի որ Արամ Խաչատրյանը եղել է աշխարհի 50-ից ավելի երկրներում, բայց երբեք չի եղել Իսպանիայում, հետեւաբար՝ երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930