Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդները բանակում երազեցին ու ծառայությունից հետո հիմնեցին IT կենտրոն

Սեպտեմբեր 28,2020 12:00

Ռաֆայել Ջամալյանն եւ Երվանդ Թադեւոսյանը կարծում են, որ ՏՏ ոլորտի զարգացման համար կարեւոր է մարզային ռեսուրսի օգտագործումը:

ՏՏ ոլորտն աշխարհում ամենաերիտասարդ, ամենազարգացած եւ զարգացող ոլորտներից է, որը մեծ հնարավորությունների աշխարհ է: Այն մեծ դեր ունի թե՛ անհատի, թե՛ երկրի կյանքում: Ոլորտը զարգացնելու, առաջատար մասնագետներ դառնալու եւ այլնի համար բոլոր հնարավորությունները կարծես թե կենտրոնացված են մայրաքաղաքում: Վերջերս Արարատի մարզում բացվեց ՏՏ կենտրոն, որը միանգամից 3 հիմնարար խնդիր է լուծում` մարզային զարգացում, ՏՏ ոլորտի եւ կրթության զարգացում: Զրուցել ենք կենտրոնի հիմնադիրներ Ռաֆայել Ջամալյանի եւ Երվանդ Թադեւոսյանի հետ:

– Խնդրում եմ ձեւակերպեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ՏՏ ոլորտը:

Ե.Թ.– Տեղեկատվական տեխնոլոգիաներ արտահայտությունն ինքնին շատ հարցերի պատասխան է։ ՏՏ ոլորտի հիմքում ընկած են տեղեկատվության հետ կատարվող աշխատանքները տեխնոլոգիաների միջոցով։ Համակարգիչների, տարբեր էլեկտրոնային սարքերի ստեղծմամբ եւ համացանցի հայտնագործմամբ ստեղծվեց մի նոր ոլորտ համաշխարհային տնտեսության մեջ, որի բուռն ու շատ արագ տեմպը այդքան էլ զարմացնող չէ, երբ հասկանում ես նրանց նորարարության եւ օգտակարության ամբողջ ուժը։ Այդ ոլորտում զարգացվածությունը շատ կարճ ժամանակում դարձավ բոլոր զարգացած երկրներին բնորոշող հատկանիշ, իսկ ՏՏ-ն զբաղեցրեց համաշխարհային տնտեսությունում ամենամեծ չափաբաժինը։ Այժմ երկրի զարգացվածությունը շեշտող գլխավոր գործոններից մեկը ՏՏ ոլորտի զարգացվածության մակարդակն է։ Արդեն վաղուց ողջ աշխարհը քայլում է դեպի թվայնացում, իսկ դրա արդյունքում ստեղծված պրոդուկտներն այնքան պրագմատիկ եւ տպավորիչ են, որ կայծակնապես մտնում են մեր կյանք եւ դառնում են նրա անբաժան մասը։ Այդ իսկ պատճառով մրցունակ լինելու համար պետք է քայլել ժամանակին համահունչ եւ անգամ փորձել առաջ ընկնել նրանից. ՏՏ-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ ցանկացած երկիր, անկախ իր զարգացվածությունից, կարող է թելադրող դառնալ ոլորտի ինչ-որ ճյուղում՝ ունենալով հզոր մասնագետներ։

– Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է ոլորտը:

Ռ. Ջ. -Հայաստանում ոլորտը գտնվում է բուռն զարգացման փուլում։ Ընդհանրապես ոլորտն այնքան արագ է զարգանում` օր օրի, ժամ առ ժամ, որ այդպիսի սահման չկա, որ անվանենք զարգացման վերջին մակարդակ, սակայն համեմատական կարգով այժմ Հայաստանն ունի շատ զարգանալու տեղ եւ բոլոր նախադրյալները։ Ես կհամեմատեմ ոլորտը փոքր օրգանիզմի հետ, որն ունի հարմարավետ էկոհամակարգ եւ բավարար սնունդ՝ աճելու համար, եւ ուրախությամբ նշում եմ, որ այն ամբողջովին օգտվում է իրեն ընձեռած հնարավորություններից։ Կտրուկ զարգացում նկատվեց այս ոլորտում 2010 թվականից սկսված եւ այն այժմ էլ թռիչքային զարգացում է ապրում։ Այս ամենը նաեւ կապված է ստարտափ էկոհամակարգի ձեւավորման հետ Հայաստանում, քանի որ ստարտափները կրում են նորարարական գաղափարներ, իսկ նորարարությունը կյանքի է կոչվում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Այժմ մենք ունենք համաշխարհային ճանաչում ունեցող եւ միջազգային մակարդակի հասած ստարտափներ, որոնք ավտոմատ կերպով զարգացնում են ՏՏ ոլորտը, ողջ աշխարհին հայտնի դարձնում մեր ներուժը, իսկ մեզ ցույց տալիս, որ երկրի դերը այս ոլորտում քիչ է եւ զարգանալ կարելի է անվերջ, խանգարող հանգամանքները շատ ավելի քիչ են, քան մյուս ոլորտներում։ Համոզված եմ, որ ունենալու ենք էքսպոնենցիալ զարգացում, սակայն պետք է հասկանալ, որ դրա համար պետք է օգտագործել նաեւ մարզային ռեսուրսները, ինչը միանշանակ կարագացնի զարգացման գործընթացը, քանի որ մարզերի մարդկային ռեսուրսի ներուժը շատ հզոր է, սակայն չբացահայտված։ Մեր պրոյեկտի կարեւոր գործառույթներից մեկը հենց այս զարգացումը ապահովելն է։

– Ինչպե՞ս ծնվեց Արարատում IT կենտրոն բացելու միտքը:

Ե.Թ.– Ararat IT կենտրոնը որպես միտք իմ եւ Ռաֆայելի մոտ առաջացել է դեռ 2 եւ կես տարի առաջ, մեր առօրյա զրույցներից մեկի ժամանակ, երբ քննարկում էինք ՏՏ ոլորտի կարեւորությունը եւ մեր տեսլականը այս ոլորտում։ Ռաֆը այդ ժամանակ արդեն հստակ որոշել էր, որ իրեն պատկերացնում է այս ոլորտի առաջատար մասնագետների շարքերում, իսկ ես սովորելով բիզնես կառավարում, նպատակ ունեի հիմնել սեփական բիզնեսը ՏՏ ոլորտում։ Սպասեցինք 2 տարի, քանի որ մեր առջեւ բանակն էր։ Արդեն բանակում մենք որոշում կայացրեցինք՝ վերադառնալով անմիջապես հիմնել կենտրոնը, ժամանակ չպետք է կորցնել, իսկ բանակի ազատ ժամանակը օգտագործեցինք, որպեսզի մանրակրկիտ պլանավորենք մեր քայլերը։

Ռ. Ջ.– Կենտրոնի ստեղծման միտքը առաջացել է անհրաժեշտությունից. տալ Արարատի եւ մարզի բնակչությանը այն հնարավորությունը, որը մենք չենք ունեցել, հիմնելով մայրաքաղաքի ստանդարտներին համապատասխան կրթական կենտրոն։ Ես բարձր կարեւորություն եմ տալիս մեր կենտրոնի եւ նման հաստատությունների մասնակցությանը Հայաստանի զարգացման գործընթացում, քանի որ ներկայիս Հայաստանի որդեգրած թռիչքային զարգացման ծրագրերը միմիայն հնարավոր է իրականացնել՝ զարգացնելով Հայաստանը մայրաքաղաքից դուրս։ Մարզերում կան շատ հզոր կադրեր, որոնք պարզապես հնարավորություն չունեն փորձելու իրենց ուժերը տարբեր ոլորտներում, ինչը ունի Երեւանի բնակիչը։ Այստեղից էլ բխում է մեր` մարզերում ՏՏ-ն զարգացնելու նպատակը. մենք սկսել ենք Արարատից, տեսլականն է տարածվել այլ մարզեր եւս։

– Ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը:

Ե.Թ.– Կենտրոնն ունի հիմնական երկու գործառույթ. առաջինը եւ գլխավորը ընձեռել որակյալ ՏՏ կրթության հնարավորություն բնակչությանը եւ երկրորդը` բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ։ Առաջին գործառույթի կարեւորությունն արդեն հասկանալի է, իսկ բնակչության տեղեկատվության մակարդակը բարձրացնելը կարեւոր է այնքանով, քանի որ դա է միակ միջոցը ՏՏ էկոհամակարգ ստեղծելու, երբ ՏՏ -ից տեղյակ են ոչ միայն մասնագետները, այլ ողջ բնակչությունը եւ նրանք տիրապետում են բազային գիտելիքների։ Այս տեղեկատվության փոխանցումը մենք կազմակերպում ենք միջոցառումների միջոցով, որոնք պարբերաբար կանցկացվեն կենտրոնում։ Կհրավիրվեն ոլորտների մասնագետներ եւ կխոսվեն այնպիսի թեմաներից, ինչպիսին են արհեստական բանականությունը (AI), 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, խաղերի ստեղծումը, տվյալագիտությունը (Data Science)։ Սա հնարավորություն կտա բարձրացնել բնակչության հետաքրքրությունը ՏՏ-ի նկատմամբ։ Այս ամենի կողքին` կենտրոնին կից, գործում է մեր հիմնադրած ծրագրավորման ընկերությունը եւ կենտրոնի գլխավոր նպատակներից է պատրաստել որակյալ եւ ամբիցիոզ կադրեր՝ ընկերությունը համալրելու համար։ Այսինքն՝ այն ուսանողները, ովքեր կլինեն նպատակասլաց, կդրսեւորեն պատրաստակամության բարձր մակարդակ, կհաղթահարեն ողջ դասընթացը եւ կորոշեն շարունակել իրենց ճամփորդությունը ՏՏ ոլորտում, կներգրավվեն մեր ԹԻՄ։ Սա հնարավորություն է տալիս մարզի ծրագրավորողին անմիջապես` լինելով սկսնակ, մուտք գործել աշխատաշուկա եւ կառուցել հեռանկարային կարիերա։

– Ինչպե՞ս է կազմակերպվում դասընթացը, ի՞նչ են սովորում, ի՞նչ որակավորում են ձեռք բերում կենտրոն հաճախողները։

Ռ. Ջ.– Դասընթացները կազմակերպվում են 8-10 հոգանոց խմբերով։ Սա կարեւոր է, որպեսզի ցուցաբերվի անհատական մոտեցում յուրաքանչյուրին, նաեւ ներկայիս պայմաններում պահպանվի հակահամաճարակային կանոնները։

Դասընթացը բաղկացած է 5 փուլից, որն ամբողջությամբ ուսանողը կարող է յուրացնել 7 ամսվա ընթացքում։ Այս փուլերի ընթացքում կուսումնասիրվեն WEB, Front-end եւ Back-end ծրագրավորում եւ ուսանողը դասընթացի ավարտին պատրաստ կլինի մտնել աշխատաշուկա որպես սկսնակ fullstack developer: Ծրագիրը ամբողջովին կազմվել է մեր մասնագետների կողմից եւ արդեն փորձը ցույց է տալիս, որ այն արդյունավետ է, ուսանողները հեշտ են յուրացնում նյութը, իսկ տեղում գործնական եւ տնային առաջադրանքներն ամրապնդում են ստացած գիտելիքները։ Կրթական պրոցեսի հիմքում է ընկած ինքնակրթության գաղափարը։ Մենք ոչ միայն սովորեցնում ենք ծրագրավորում, այլ նաեւ ինչպես ինքնուրույն սովորել։

Սա ուսանողին թույլ է տալիս դուրս գալ դպրոցի գիտելիքների կաղապարի միջից, ինքնուրույն յուրացնել նոր գիտելիքներ եւ ապագայում ունենալ մրցակցային առավելություն։ Ուսանողը որոշ մակարդակի հասնելուց հետո, պետք է կարողանա ինքնուրույն շարունակել իր զարգացումը, քանի որ ՏՏ-ն անսահման զարգացող ոլորտ է եւ մասնագետները չեն կարող դասընթացների մասնակցել եւ յուրացնել նոր տեխնոլոգիաներ, այլ նոր գիտելիքների ձեռքբերումը ամբողջովին հիմնված է ինքնակրթության վրա։

Այս գաղափարը դառնալու է մեր ուսանողներին առաջ մղող եւ տարբերակող հիմնական գործիքը, քանի որ ինքնակրթությունը սերմանելով՝ մենք սովորեցնում ենք սիրել զարգացումը, իսկ ինչը սիրով է արվում, արվում է լավագույնս։ Նաեւ պետք է հասկանալ, որ սա գաղափար է, որը ոչ միայն օգտագործվում է մեր ոլորտում, այլ կյանքի ցանկացած ասպարեզում եւ իրականում հենց դա է կրթվելու միակ ձեւը։ Մեթոդը, որը կսերմանի ինքնակրթություն, peer-mentoring-ն է, երբ ուսանողները միմյանց բացատրում են նյութը. որոշակի ուսանողների դասի ավարտին տրվելու է հանձնարարություն ինքնուրույն յուրացնել հաջորդ դասը ըստ ծրագրի եւ այն ներկայացնել իր ընկերներին։ Սա կտա ինքնակրթվելու հմտություններ, նաեւ ուսանողները կյուրացնեն նյութն ավելի հիմնորեն, քանի որ, երբ այն ինքդ ես փորձում բացատրել, ավելի լավ ես հասկանում։ Կրթական համակարգի մեկ այլ առանձնահատկություն է մենթորների առկայությունը. յուրաքանչյուր ուսանող կցվում է իր անձնական մենթորը, ինչը տալիս է հնարավորություն միշտ կապի մեջ լինել նրա հետ, քննարկել հարցեր, ուղղել սխալներ եւ հենց առաջին օրվանից շփում հաստատել մասնագետի հետ, որը ապահովում է փորձի փոխանակում։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք:

Ռ. Ջ.– Սպասելիքներ ունեինք, երբ դեռ չէինք սկսել, իսկ հիմա արդեն ունենք հստակ արդյունք։ Արդեն 30 եւ ավելի ուսանողներ սկսել են ճանապարհորդել ՏՏ աշխարհով եւ զարգանում են անդադար, որպեսզի գտնեն իրենց տեղը խոստումնալի եւ բարձր աշխատավարձ ապահովող ոլորտում։ Նաեւ մենք ինքներս առանց կանգ առնելու զարգանում ենք, որպեսզի ապահովենք կրթության բարձր որակը, ինչպես նաեւ ստեղծենք հզոր ՏՏ ընկերություն Հայաստանում, եւ հատկանշական է Երեւանից դուրս։

Ե.Թ.– Սպասելիք բառը փոխենք նպատակով եւ նշենք` նպատակն է ինչքան հնարավոր է՝ շատ որակյալ մասնագետներ պատրաստել, օժտել նրանց նոր մտածողությամբ իրենց եւ իրենց նպատակների հանդեպ, սովորեցնել նրանց երազել, երազել մեծ եւ ձգտել ու հասնել այդ նպատակի վերածված երազանքներին։ Իսկ մենք կրթական ծրագրի հիմքը դնելուց հետո կհամալրվենք մեր կերտած մասնագետներով եւ կիրականցնենք մեր նորարարական, հետաքրքիր եւ հանրության համար օգտակար պրոյեկտները։ Սպասեք մեզ։

Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարները` Ararat IT Centre ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
26.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930