Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորանքը հղվեց երեք օր անց՝ սեպտեմբերի 24-ին, եւ հայաստանյան քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ հնչեցին, թե Իրանը չի շնորհավորել Հայաստանի անկախության տոնը, եւ որ այս ուշացումը պայմանավորված է հայ-իրանական հարաբերություններում առկա խնդիրներով:
Իրանագետ Ահարոն Վարդանյանը կարծում է, որ ուշացումը կարող է պարունակել որոշակի փոքրիկ՝ տարածական ուղերձ, կարող է եւ չպարունակել: «Կատարվածը կարող է լինել նաեւ անուշադրության արդյունք: Կարող ենք միայն ենթադրել: Բայց այն, որ հայ-իրանական հարաբերություններում կա որոշակի դադար կամ վակուում, փաստ է, որովհետեւ վերջին երկու տարում գրեթե ոչ մի լուրջ նախագիծ չի իրականացվել հայ-իրանական հարաբերություններում: Քանի որ մշտապես հետեւում եմ հայ-իրանական հարաբերություններին, ինքս չեմ կարող ասել, թե որն է մեր օրակարգը»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ահարոն Վարդանյանը:
«Բնականաբար, կան բացեր, որոնք ունեն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Հայաստանը ներքաղաքական վերադասավորումների փուլում էր, բայց իշխանափոխությունից անցել է երկու տարուց ավելի ժամանակ: Ուստի կա որոշակի խնդիր: Իրանի հետ հարաբերությունները միշտ պետք է լինեն ակտիվ, որովհետեւ չենք կարող մեզ թույլ տալ Իրանի կամ Վրաստանի հետ վարել պասիվ քաղաքականություն: Այս հարցում պետք է լինել ավելի «ագրեսիվ», նախաձեռնողական: Հայ-իրանական օրակարգն այնքան հարուստ պետք է լինի, որ ժամանակ չունենանք քննարկելու, թե որ շնորհավորանքն է ուշացել, կամ՝ ո՞վ է շնորհավորել, իսկ ով՝ ոչ: Օրակարգի հարստությունը նման մանր խնդիրների համար ժամանակ չպետք է թողնի»,-շեշտում է իրանագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորել շնորհավորելով կամ չշնորհավորելով. «Դրանից չէ, որ ենթադրում են՝ հայ-իրանական հարաբերությունները լա՞վ վիճակում են, թե ոչ»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի անկախության տոնն ուշացմամբ շնորհավորելը որքանո՞վ կարող է պարունակել ուղերձ այն փաստի առթիվ, որ Հայաստանը վերջերս Իսրայելում դեսպանատուն բացեց: «Գաղտնիք չէ, որ Իրանում այդ առնչությամբ կա դժգոհություն, բայց այդ թեման այնքան է քննարկվել ու շահարկվել, որ արդեն պետք է հասկանալի լինի երկու կողմի համար էլ: Ամեն դեպքում, մեր պատկան մարմինները ժամանակ ունեին իրավիճակը նորմալ բացատրելու եւ ներկայացնելու իրանական կողմի գործընկերներին, եւ, իմ պատկերացմամբ, նորմալ աշխատելու դեպքում այս հարցում որեւէ խնդիր չպետք է լիներ»,-նշեց Ահարոն Վարդանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2020