«Մենք խնդրողի դերում չենք, մենք մեր գործընկերների հետ հավասարը հավասարի վրա ենք: Մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարցը չէ, այն վաղուց է սկսվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով հարցին, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման փաստով Հայաստանը ՀԱՊԿ-ին ակնարկե՞լ է այն մասին, որ հակառակորդը կրակում է Ռուսաստանի եւ Բելառուսի վաճառած զենքով՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Ռուսաստանի կամ Բելառուսի մեր գործընկերների հետ երկխոսությունն այսօր ընթանում է բավականին ինտենսիվ: Հաշվի առնելով այն, որ այսօր կիրակի է, արձագանքները, բացառությամբ մի քանիսի, բավարար են»:
Դիտարկմանն ի պատասխան, որ Ռուսաստանի արձագանքում կողմերի միջեւ հավասարության նշան էր դրված, քանի որ երկուսին կոչ էր արվում կրակը դադարեցնել, Ադոնցը շեշտեց. «Ռուսաստանի, նաեւ Եվրոպայի մոտեցումն այն է, որ իրավիճակը պետք է հանգստանա: Իսկ իրավիճակը, պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է: Պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդը գործում է անսովոր: Գործողությունների աշխարհագրությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ միջազգային արձագանքների որակն ամեն օր փոխվելու է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ