Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ Մեզ հետ կռվում է նաև Թուրքիան

Սեպտեմբեր 27,2020 22:59

«Իհարկե՛, պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ, ղեկավարների վերջին օրերի, վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ է եղել, որ այո՛, պատերազմ մենք սպասում էինք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմին․ «Եվ սկսվեց ժամը 7-ի կողմերը մոտավորապես, հստակ ժամերը չեմ ուզում ասել։ Հարձակումը ամբողջ երկայնքով մեկ՝ Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո՛, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր, ես ուզում եմ ցավակցել մեր բոլոր հայրենակիցներին, ունենք տասնյակ վիրավորներ։ Ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, ունենք զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և առաջին զոհը մենք ունեցել ենք առավոտյան Մարտունիում՝ տատիկն ու փոքր երեխան։ Կարծես, թե ձեռագիրը նույնն է, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են՝ ամբողջ երկայնքով մեկ։ Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործում է թուրքական բանակի առկայության, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած, հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչու սարքերը և ինքնաթիռները։ Այն նույն F16-ները, որոնք արդեն ամսից ավելի է, գտնվում են Ադրբեջանի տարածքում, սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ օգտագործել են առավոտից մինչև այժմ։ Եվ սա ուզում եմ, որ հստակ հայտարարություն լինի համայն աշխարհին, բոլորին։ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան։ Ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն։ Չեմ խոսում վարձկանների, չեմ խոսում այլ երկրներից կամավորականների մասին։ Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե՛, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Չնայած, արդեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կա, հայտարարել ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա։ Արցախում արդեն սկսված է համատարած մոբիլիզացիա»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պատերազմի արդյունքները Արցախի համար կանխատեսելի են․ «Այն մտահաղացումը կամ ծրագիրը, որն ունի թշնամին, ես իրավունք ունեմ արդեն այդպես անվանել, ձախողվելու է։ Ունեն կորուստներ հարյուրավոր, տասնյակ տեխնիկա, տասնյակ անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, ունենք հետախուզության տվյալներ և նաև կարծես թե փաստ ինքնաթիռի, հենց նույն թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական։ Բայց այն, որ ուղղաթիռներ տասնյակ, չեմ ուզում քանակ ասել․ ամեն րոպե խփվում են, բայց ամենակարևորը, որ հիմնականում օգտագործում են թուրքական ժամանակակից անօդաչու սարքեր, որոնցով Թուրքիան հպարտանում է վերջին ամիսներին։ Ոչ միայն անօդաչու սարքերն են օգտագործում, այլ հենց նրանք են օգտագործում՝ թուրքական բանակի ներկայացուցիչները»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930