Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ էն կեղծ ֆոտոշոփը, որ անում էին Ֆիզուլիից, էդ էլ չկար». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի նոր ձեռագրի մասին

Սեպտեմբեր 27,2020 22:24

«Չգիտեմ՝ այդ աշխատանքներն իրականում կոնկրետ հասցեական ինչին են ուղղված՝վերականգնմանը, թե՝ ոչ, բայց ՀՀ համապատասխան պետական կառավարման մարմիններն ինտենսիվ կապի մեջ են համապատասխան միջազգային կառույցների հետ, այդ թվում նաև համանախագահների հետ»,- հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ գործիքակազմ կա հրադադարի վերականգնման համար, քիչ առաջ ճեպազրույցում   այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հորդորեց այդ մասին դետալային հարցեր հղել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին:

Հիշեցմանը՝ ոչ պաշտոնական աղբյուրները նշում էին, որ կա նաև լարվածություն ՀՀ սահմանին և հարցին՝ ՀԱՊԿ-ի հետ քննարկվե՞լ է արդյոք այդ իրավիճակը և արդյոք քննարկվե՞լ է աջակցության հնարավորություն, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Կոնկրետ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է համապատասխան հրետակոծության, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմել- չդիմելուն, ես այս պահին իրավասու չեմ և չեմ տիրապետում այն տեղեկատվությանը, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել: Վաղն առավոտյան ավելի ճշտված տեղեկություններ կարող ենք հաղորդել կոնկրետ ՀԱՊԿ մասով»:

Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց մարտական գործողությունների հետ կապված հարցեր չհղել և պարզաբանեց. «Մարտը թողնում են ավարտվի, մարտը ավարտվում է, արդյունքները երևում են, ի սկզբանե մտահղացումները ճիշտ չէ հայտարարելը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարձագանքի ադրբեջանական կողմի այն հրապարակումներին, թե իբր գտնվում են գրավված  տարածքներում, հայկական զինտեխնիկա են ոչնչացրել և այլն, Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով ասաց. «Եթե անկեղծ ասենք, մենք վերլուծել ենք ամբողջ տեղեկությունը: Ի տարբերություն նախորդ հոխորտացող հաղորդագրությունների, Ադրբեջանն այսօրվա ընթացքում նույնիսկ կիսատ պռատ ոչ մի նյութ նախկին ձեռագրին հավատարիմ չի տեղադրել որևէ բնակավայր ազատագրելու կամ փաստացի գրավելու մասին: Եղել են նման բարձրագոչ հայտարարություններ, բայց արդյունքում նույնիսկ էն կեղծ ֆոտոշոփը, որ անում էին Ֆիզուլիից, էդ էլ չկար: Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող հայ բնակիչների մասին, էն էլ պարզվեց 2015-2016 թվականի լրիվ այլ միջադեպից մոնտաժ արած նյութ էր: Որևէ բան չի եղել այս մասով: Դրան հակառակ նույնիսկ որևէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել: Մի երկու կադր հայտնվեցին, որոնք շատ արագ մեր մասնագետները գտան, որ Սիրիայի պատերազմից հանված նախկինում կրկնված նյութեր էին: Դրան հակառակ մենք ցուցադրել ենք մի քանի փաստագրական նյութ՝ վիդեո նյութեր, որտեղ երևում է իրենց կենդանի ուժի և բավականին թարմ, նորագույն մոդեռնիզացված T-72, T-90, БМП-2,  БМП-3, БТР-82 այսպիսի տեխնիկաների և մեքենաների ոչնչացումը»:

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ և փաստեր ունեք կապված սիրիացի գրոհայինների՝ հակառակորդի կողմից օգտագործման մասին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Տվյալները ճշտվում են, բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և′ գրոհայինների մասով, և′ ընդհանրապես Թուրքիայի միջամտության մասով, և′ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով ադրբեջանական զինված ուժերում: Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որոնք ճշգրտումների կարիք ունեն. օրինակ՝ զինյալների մասը հստակ պնդել չեմ կարող: Կհավաքենք ավելի շատ փաստեր և բավարար ապացույցներով կխոսենք»:

Լրագրողները փաստեցին՝ բազմամարդ խմբեր են մեկնում Արցախ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են կամավորագրվել և հարցին՝ ի՞նչ կառույց է համակարգում այդ գործընթացը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ուզում եմ մեկ անգամ ևս առիթից օգտվելով շեշտել՝ շնորհակալ ենք բոլոր կամավորներին էլ, ոչ կամավորներին էլ, հայրենիքին նվիրված աշխատակիցներին էլ  ծառայություն  կատարելու համար: Կամավոր է, թե աշխարհազորային, պահեստազորային, օրենքով նախատեսված իր պարտականություններն է կատարում, միևնույն է:  Կարևոր է՝ մի բան փաստենք. բոլոր նման աշխատանքները համակարգում է ՀՀ Զինված ուժերը, այսինքն՝ ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ օրենքներով և ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930