Լրահոս
Օրվա լրահոսը

Հիասթափություն՝ հաջողություններից

Սեպտեմբեր 27,2020 22:00

Ֆեյսբուքը հեղեղել է հեղափոխության հաղթանակների հանդեպ հիասթափության ալիքը: Ավելի ճիշտ՝ հեղափոխական իշխանության հաջողությունների հանդեպ հիասթափության: Ինչ-որ մեկը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություններից: Մեկ ուրիշը՝ աուդիովիզուալ կոնտենտի կարգավորման գործում հաջողություններից: Երրորդին չեն գոհացնում դատախազի հաջողությունները, երբ նա «Սասնա Ծռերի» համար ազատազրկման ժամկետներ է պահանջում: Մեկ ուրիշին հիասթափեցնում են Արայիկ Հարությունյանի հաջողությունները՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում բարեփոխումների դժվարին գործում: Եվս մեկը դժգոհում է քաղաքաշինության ոլորտում անիմաստ եւ անողոք հաջողություններից: Մեկին էլ դուր չի գալիս ՍԴ-ի ճգնաժամի հաջող լուծումը՝ չափազանց հեղափոխական դատավորներ նշանակելու միջոցով: Կան նաեւ դժգոհներ անասունների սպանդի կազմակերպման նոր մեթոդների հաջողությունից, հագուստի մաքսազերծման գործում անտարակույս հաջողություններից, արտագաղթի գործում նշանակալից հաջողություններից (դեպի Ռուսաստան ձգտողները չեն թողնի խաբեն)՝ բայց այս մարդիկ Ֆեյսբուքում այնքան էլ լսելի չեն: Եվ իհարկե, բոլորը միաձայն դժգոհ են տնտեսության մեջ հաջողություններից:

2018թ. գարնանը տրված բազմաթիվ խոստումներին կասկածամտությամբ վերաբերվող մարդու համար իսկը ժամանակն է չարախնդալու, դժգոհողների նախկին մեկնաբանություններով անցնելու եւ կոպտորեն նետելու՝ «Արդար ա»: Հեղափոխությունը ողջունող մարդն էլ, իր հերթին, կա՛մ պիտի հուսալքվի, կա՛մ էլ՝ դժգոհողների մեջ սկսի փնտրել նախկին կոռումպացված ռեժիմին պատկանելու նշաններ:
Նայել այդ բազմավեկտոր «բոլոլային»՝ ցավալի է եւ տխուր: Եվ բանն ամենեւին այն չէ, որ մենք քեզ հետ, իմ մտածող ընթերցող, վաղուց ենք հասկացել, որ հանրային «սռաչը» անիմաստ զբաղմունք է: Եվ ոչ էլ այն, որ հանրային այդ գործողությունը վաղուց վերածվել է սպորտի սիրողական տեսակի, որում կարեւորը մասնակցությունն է, եւ ոչ թե հաղթանակը: Ըստ իս, բանն այն է, որ մենք՝ հասարակությունը, չկարողացանք հաղթահարել, եւ որպես հետեւանք՝ կրկնեցինք վարքի ձեւավորված մոդելները: Իշխանությունը՝ սեփական անսխալականության մեջ վստահությունը եւ իրական խնդիրները փիառի մեթոդով լուծելու ցանկությունը: Չիշխանությունը (ես խուսափում եմ օգտագործել շատերի կողմից սիրված «ժողովուրդ» բառը) պահպանել է այն վստահությունը, որ խնդիրները հնարավոր է լուծել առանց իր մասնակցության, կարեւորը միայն դրանք հնարավորինս բարձր հնչեցնելն է:

Ցանկությունը՝ մի կողմից տեսնել դժգոների մեջ դասակարգային թշնամիներին, իսկ մյուս կողմից՝ իշխանությունից պոկել ինչ-որ շատ կարեւոր բան, վերացնում է հասարակական երկխոսության հնարավորությունը: Առանց մեղադրանքների եւ վիրավորանքների բանավեճի հնարավորությունը: Եվ ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Չիշխանությունը կամաց-կամաց կվերածվի իռացիոնալ ընդդիմության, որն իշխող թիմին օրգանական կերպով ատում է, իսկ իշխանությունը այնքան կքարանա, որ նրա հետ խոսելը հնարավոր կդառնա միայն հանրահավաքների բարձրախոսների միջոցով:

Երկխոսություն սկսելու հնարավորության բացակայությունը, կամ ըստ էության՝ չցանկանալը, այն բանի գրավականն է, որ մենք անընդհատ դոփելու ենք տեղում, լուծելով իրավիճակային, այսրոպեական հարցերը, փոխանակ կենտրոնանանք խոշոր խնդիրների վրա: Այնպիսի խնդիրների, որոնք ոչ պոպուլյար որոշումներ են պահանջում, նրանց, որոնք հետագայում պիտի փոխեն պետական եւ հասարակական ինստիտուտների բուն էությունը: Դրա փոխարեն իշխանությունը կսկսի փնտրել ընդդիմախոսներին կա՛մ լռեցնելու, կա՛մ նրանցից բարձր գոռալու հնարավորությունը, իսկ ընդդիմախոսները կսկսեն փնտրել իշխանության վրա է՛լ ավելի բարձր գոռալու միջոցներ:
Սեփական սխալներից սովորելու ունակությունը՝ հասունության նշան է: Անցյալի վերաբերյալ խորհելու եւ գիտակցելու ունակությունը՝ իմաստնության նշան է: Դատելով այն բանից, թե հատկապես ինչն է հետաքրքրում մեր հասարակությանը, մենք չենք հասել ոչ մեկին, ոչ մյուսին:
Փոխարենը սովորել ենք ատել բոլորին եւ ամեն ինչ:

Կասկածելի ձեռքբերում է, այնպես չէ՞:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

26.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել